Կենտրոնում բուհերի շենքերը կվաճառվեն. դրանք կարող են դառնալ հյուրանոցներ. Սերոբ Խաչատրյան
Հուլիսի 28-ի Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի ռազմավարությունը», որն ուղարկվեց Ազգային ժողով՝ օրենք դառնալու համար։ Ըստ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների՝ ընդունվել է ռազմավարություն, որը երկարաժամկետ կտրվածքով լուծելու է ինչպես կրթության ձևի, այնպես էլ բովանդակության հետ կապված առկա խնդիրները՝ կուտակված 30 տարիների ընթացքում
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ դասախոս, Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` 7 տարի առանց ռազմավարության կրթության ոլորտը կառավարելուց հետո կարևոր է համարում նման փաստաթղթի ընդունումը, սակայն նկատում է՝ այս փաստաթուղթն ունի ընդամենը որպես թուղթ մնալու և կյանքի չկոչվելու խնդիր, որովհետև գրվել է ընդամենը փորձագիտական խմբի կողմից, և դրա ռազմավարության մշակման ժամանակ հանրային լայն մասնակցություն չի ապահովվել, ինչի բացակայությունը հետագայում խնդիր է ստեղծելու ցանկացած գրած բան իրականություն դարձնելու համար։
«Այս փաստաթուղթը պետք է լիներ առավել մասնակցային, սակայն այդպիսին չէ, հետևապես, իմ տպավորությունն այն է, որ այս փաստաթղթի միակ տերը Կառավարությունն է, իրենք են փորձելու որոշ բաներ իրականացնել, իսկ այս Կառավարության փոփոխությունից հետո այն դառնալու է անպատասխանատու մի փաստաթուղթ, ուստի, ցավում եմ, որ մենք նախկին սխալներից դասեր չենք քաղում, և դրա ապացույցն այն է, որ այս փաստաթուղթը սոցիալական դաշինքի չվերածվեց»,- ասաց Խաչատրյանը։
Կրթության փորձագետի խոսքով՝ այս ռազմավարությունը կրթության ոլորտում առկա խնդիրներն ուղղում է դեպի նախկին իշխանությունների կողմ, սակայն դնում է թիրախներ, որոնք ներկա իրավիճակում առկա խնդիրները չեն էլ լուծում. Օրինակ, խոսում են այն մասին, որ Հայաստանը պետք է աշխարհի լավագույն ստուգատեսներին մասնակցի, բայց հարց է առաջանում, թե դրան ինչպե՞ս են հասնելու, եթե դպրոցներում ունենք ուսուցչի խնդիր, և այս ռազմավարությունը չի լուծում ոչ այդ, ոչ էլ ծերացող ուսուցիչների խնդիրը։
Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ այս ռազմավարությամբ նախատեսված՝ ակադեմիական քաղաք ստեղծելու Կառավարության մտադրությանը՝ նշելով՝ ակադեմիական քաղաքը, եթե հզոր տնտեսությամբ երկրների դեպքում կարող է լինել արդյունավետ, ապա Հայաստանի պես երկրում դրա ստեղծումը՝ ինչպես դասախոսներին, այնպես էլ՝ ուսանողներին կանգնեցնելու է նոր մարտահրավերների առաջ։
«Կառավարությունն ասում է, որ առաջիկայում 2-3 բուհեր միավորվելու են իրար և ստեղծելու են ակադեմիական քաղաք՝ տեղափոխելով քաղաքից դուրս բուհերի մասնաշենքերը։ Դրա արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ բուհերի շենքերը վաճառվեն ու դառնան հյուրանոցներ։ Պարզ հարց է առաջանում՝ այդ ակադեմիական քաղաքն ի՞նչ փողով են կառուցելու. բնականաբար, կառուցելու է բուհերի մասնաշենքերի վաճառքից ստացված փողերով։ Ստացվում է՝ պետությունն ուզում է Կենտրոնում գտնվող բուհերի շենքերը վաճառել և կենտրոնից դուրս ակադեմիական քաղաք կառուցել»,- ասաց Սերոբ Խաչատրյանը՝ մատնանշելով այն խնդիրները, որոնց առաջ կկանգնեն ուսանողներն ու դասախոսները՝ Երևանից դուրս բուհեր գնալու համար՝ ինչպես տեղափոխման ծախսերի, այնպես էլ՝ հանրակացարաններում մնալու խնդիրների հետ կապված։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում