
«11 տարում երկրից 9.000 օտարերկրացի ահաբեկիչ է արտաքսվել». Թուրքիայի ՆԳՆ

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «վերջին 11 տարում երկրից արտաքսվել է 9.000 օտարեկրյա քաղաքացիություն ունեցող ահաբեկիչ»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաշվարկը կատարված է 2011-ից, երբ սկիզբ առավ սիրիական ճգնաժամը: Ըստ հայտարարության՝ արտաքսվածների շարքում եղել են ընդհանուր 102 երկրի քաղաքացիներ:
Հետաքրքրական է, որ նրանցից 1168-ը եղել է Եվրամիության երկրների քաղաքացի:
ԵՄ-ից հետո թվով ամենաշատ արտաքսված «ահաբեկիչները» եղել են ԱՄՆ-ի քաղաքացի՝ 59: Այս տարվա 1-ին 7 ամսվա ընթացքում ԵՄ 6 տարբեր երկրներ է արտաքսվել այդ երկրների քաղաքացի հանդիսացող 20 «ահաբեկիչ»:
Թուրքիայի ՆԳ նախարարության Միգրացիայի վարչությունը հաղորդել է, որ շարունակելու է ԻՊ (Իսլամական պետություն), և Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված ՔԲԿ/PKK (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) և PYD/ԺՄԿ (Ժողովրդավարական միություն կուսակցություն) «կազմակերպություններին անդամակցելու նպատակով ժամանած ահաբեկիչներին արտաքսելուն ուղղված աշխատանքները»:
Նշենք, որ սիրիական պատերազմի առավել ակտիվ շրջանում բազմաթիվ վարձկաններ տարբեր երկրներից գալիս էին Թուրքիա այնտեղից էլ Սիրիա անցնելու և գումարի դիմաց ԻՊ-ի շարքերում կռվելու նպատակով: