«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ». Հրանտ Մաթևոսյան
«Խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը։ Կյանքն անգին է։ Հակառակը պնդելը մահվան և պատերազմի քարոզ է։ Մահը երբեք ավելի թանկ չի կարող լինել, քան կյանքը, չնայած մեզ հարյուրամյակներով քարոզել են հակառակը»,- այս խոսքերի հեղինակն Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ում լևոնտերպետրոսյանական Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) թևը ներկայացնող Արսեն Թորոսյանն է:
Կյանքի՝ անգին լինելու մասին դատողություններ, նկատենք, անում է «միստր մահը», ում ապաշնորհ կառավարման արդյունքում քովիդ մահերի թիվը գերազանցեց պատերազմի զոհերի թիվը, ում՝ առողջապահության ոլորտը ղեկավարելու տարիներին քովիդը դարձավ եկամտաբեր բիզնես, ով փոշիացրեց միլիարդավոր դրամների պետական ու ոչ պետական միջոցներ, ինչին նաև Հաշվեքննիչ պալատն էր անդրադարձել:
Բարձր գաղափարներից խոսում է մի մարդ, ում նախարար աշխատած տարիներին կտրուկ աճ գրանցեցին իր կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնին տրամադրվող արտոնությունները:
2017 թվականին Արսեն Թորոսյանի կնոջը փաստացի պատկանող բժշկական կենտրոնը 0 դրամ գումար է ստացել, բայց հեղափոխությունից հետո՝ 2018-ին, ստացել է 25.1 մլն դրամ: 2019 թվականին նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջը բյուջեից փոխանցել է շեշտակի բարձր թիվ՝ 98.9 մլն դրամ, այսինքն՝ 73.8 մլն դրամով ավելի:
Իսկ, ահա, 2020 թվականին Թորոսյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը ստացել է 127.6 մլն դրամ, որն էլ 2019 թվականից ավելի է 28.7 մլն դրամով:
2020թ.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում անգամ շահերի բախման հիմքով վարույթ էր նախաձեռնվել. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պայմանագրեր էր կնքել մի ընկերության հետ, որի տնօրենն իր իսկ կինն էր՝ Վարդիթեր Թևանյանը: Այդ պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվել է մատուցել հիվանդանոցային ծառայություններ, Էլեկտրոնային առողջապահական ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։ Վարույթի հիմք էր հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։
Առողջապահության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը «Միբս» ընկերության հետ կնքել էին ընդհանուր առմամբ 176 միլիոն դրամի պայմանագիր։ Նախարարի կնոջ ընկերությունից կատարված գնումներից և ոչ մեկի համար առողջապահության նախարարությունը մրցույթ չէր հայտարարել։ Կնքված պայմանագրերից հինգը եղել են մեկ անձից գնումներ ընթացակարգով, մեկը՝ գնում չհանդիսացող ծախսեր ընթացակարգով, իսկ մեկի ընթացակարգը նշված է «ԵՄ», որը գնումների կայքի մեթոդաբանության մեջ չի բացատրվում։
Երևանի քաղաքապետարանի հետ բոլոր պայմանագրերը կնքվել են գնանշման հարցում ընթացակարգով, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանը գնանշման հարցում է արել տարբեր ընկերությունների և ընտրել «Միբս» ՍՊԸ-ն։
Կնքված պայմանագրերում «Միբս» ընկերության կողմից որպես կողմ է ներկայացել և պայմանագրերը ստորագրել նրա կինը՝ Վ. Թևանյանը։
Ինչևէ, ՔՊ-ական աթեիստ այս գործչի պնդմամբ՝ պատերազմ քարոզել են ազգի արտոնյալները, որ երբեք իրենք չէին զոհվելու, քարոզել են իրենց «ազգային» հռչակած կուսակցությունները, որ մահով են արդարացրել իրենց գոյությունը, քարոզել են մոլորված մարգինալներն ու ռոմանտիկները, քարոզել են մեզ զոհվելու, ոչ թե՝ ապրելու դատապարտող օտարները։
«Ու տրվել ենք մենք այդ քարոզին մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Տրվել ենք ու ընտրել մահը, ոչ թե՝ կյանքը։ Ու շարունակվում է այդ քարոզը։ Դեռ ինչքա՞ն պետք է ընտրենք մահը և ոչ՝ կյանքը, դեռ ինչքա՞ն պետք է սխալվենք: Մինչև իսպառ բնաջնջո՞ւմ, որ լոկ մնանք այլ ազգերի պատմության դասագրքերում։ Որ կրկին պատմական հայրենի՞ք դավանենք՝ իրականի փոխարեն: Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք»,- նշում է նույն Արսեն Թորոսյանը՝ մի մարդ, ով մինչև կործանարար 2018 թվականը հայտնի էր նրանով, որ լինելով պատվաստումային գործընթացի, հատկապես «Գարդասիլ» խնդրահարույց պատվաստանյութի մոլի քարոզիչ, դրանց դեմ արտահայտվողներին սպառնում էր մանկական դագաղներով։
Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք։ Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը։ Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք։ Կուրացանք՝ մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Ու մինչ օրս կույր ենք, չենք հասկանում ու ընդունում մեր սխալները, հրաժարվում ենք առերեսվել գետնի վրայի իրականության հետ ու շարունակում ընտրել մահը։ Մեր սխալների ընդունումն է բերելու խաղաղության, ոչ թե՝ դրանց կրկնումը։ Իրավունք չունենք կրկնել նույն սխալները՝ մերժելով օբյեկտիվ իրականությունը կամ մեկնաբանելով այն մեր քմահաճույքով։ Իրավունք չունենք։ Խաղաղությունն անգին է»։
Նիկոլ Փաշինյանի սույն թիմակիցը մոռանում է, որ «չսխալվեինք» 100 կամ 30 տարի առաջ, միգուցե ինքն էլ չլիներ արդեն. վերացած, բնաջնջված ազգը սերունդներ չի տալիս:
Արսեն Թորոսյանը նախընտրում է թուրքի յաթաղանի կամ Բայրաքթարի տակ մորթվելը կամ ոչնչանալը, միայն թե ինքը հնարավորություն ունենա պայմանական ստամբուլներում թուրքի առաջ երկու տակ ծալված իր բժշկական կենտրոնի համար էժան սարքավորումներ բերել, մուղամ լսել, չորս տակ ծալապատիկ նստած, բերանը մինչև ականջները բաց, քծնանքի օվերդոզով ժպիտը դեմքին, թուրքի ծառայամտությամբ ծառայել թուրքին՝ ևս մեկ անգամ Ծաղկաձորի «Մարիոթում», օրինակ, գիշերակացով ու 3 տասնյակ հյուրերով ծնունդ նշելու հնարավորության համար, ինչպես 2019թ.-ին:
Արսեն Թորոսյանը կշարունակի անպատիժ անարգել Արցախյան հերոսամարտերի նահատակ հերոսների հիշատակը, կշարունակի ծաղրել գաղափարի մարդկանց, չի դադարի զարմանալ՝ ո՞նց կարող է հայ մարդը հողի համար նահատակությունը գերադասել ստամոքսը լի կյանքից: Արագ տեմպերով միլիոններ կուտակած Արսեն Թորոսյանին չեն խանգարի դա անել, ինչպես չեն խանգարում նրա թիմի առաջնորդին 4 տարի շարունակ կործանել երկիրն ու չհագենալ:
Արսեն Թորոսյանն անհայրենիք է. նրա համար նորմալ է այն, ինչ ինքը գրել է, ինքը հավատում է դրան, իսկ չհավատացողներն ի՞նչ են անում…
Արսեն Թորոսյանի համար նորմալ ու միգուցե պատվաբեր է դառնալ haqqin.az-ի հերոսը, նորմալ է չունենալ ազգային պատկանելություն, արժանապատվության ու ամոթի զգացում:
Բայց սա սոսկ գրառում չէ, սա հերթական բացված Օվերտոնի պատուհանն է, ազգային հավաքական գիտակցության մեջ ներդրվող հերթական բացիլը, մարդկանց իրենց ինքնությունից հեռացնելու՝ վաղուց արդեն անթաքույց հերթական փորձը:
Դժվար է պատկերացնել՝ ինչ կհետևեր, եթե նման գրառում 4 տարի առաջ աներ ՀՀԿ-ական որևէ պատգամավոր, ինչ հուզումներ, հազարների մասնակցությամբ ցույցեր, կառավարության ու Խորհրդարանի հրաժարականի պահանջ ու կախաղան, քաղհասարակության որոշ անդամներ իրենց հրապարակայնորեն կայրեին Հանրապետության հրապարակում:
Իսկ հիմա… Երկու օր Ֆեյսբուքը կընդվզի ու վերջ… Եվ իրոք, ոչ մի ազգ այսքան հաճույքով չի վերացել…
Վերջերս, ցավոք, հաճախ է առիթ լինում հիշել Հրանտ Մաթևոսյանին:
«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել… Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք,և դուք վախենում եք ատելուց: Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն…»: