Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում կյանքը դժվարացել է՝ պայմանավորված ադրբեջանական զինուժի սպառնալիքով. մարզպետը՝ ՀՀ ՄԻՊ-ին

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում կյանքը որոշակիորեն դժվարացել է, որը պայմանավորված է միայն և միայն ադրբեջանական զինուժի սպառնալիքով, որը գոյություն ունի 2021 թվականի մայիսյան ներխուժման արդյունքում։ ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, տեղեկանում ենք մարզպետարանի կայքէջից։

«Մեր բանակը կարողանում է ապահովել բնակչության անդորրը և խաղաղ աշխատանքը։ Մենք այդ բնակավայրերում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր ունենք իրականացնելու։ Հուսով եմ, որ մեր սահմանամերձ բոլոր բնակավայրերը կամրապնդվեն ու կընթանան բնականոն զարգացման ճանապարհով։ Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են այդ բնակավայրերի բոլոր հիմնախնդիրները, որոնց փորձում ենք քայլ առ քայլ լուծում տալ»,–ասել է մարզպետը։

Նա հայտնել է նաև, որ մարզպետարանը մշտական կապի մեջ է ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության հետ, տիրապետում է իրավիճակին և անում է հնարավորը, որպեսզի ապահովվի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը, բնակչության խաղաղ կյանքն ու աշխատանքը։

Սարգսյանը նշել է, որ նախորդ տարի ունեցել են ՀՀ կառավարության կողմից հաստատված 7,5 միլիարդ դրամի շինարարական ծրագրեր, ապա այս տարի այն հասել է 11,5 միլիարդի։ Նրա խոսքով` արդեն ոչ թե զբաղվածության, այլ աշխատող ու որակյալ շինարարների խնդիր ունեն, և բոլոր շինարարական ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ապաստարանների կառուցմանը։

Հանդիպումից հետո Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներ ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր։

Տեսանյութեր

Լրահոս