Բաժիններ՝

Հայաստանում երեխային կրծքով կերակրելու ցուցանիշները բարելավվել են, սակայն բավարար չեն. ի՞նչ խնդիրներ է վերհանել ԱՆ-ն

Հայաստանում երեխային կրծքով կերակրելու ցուցանիշները բարելավվել են: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև 6 ամսական երեխաներին կրծքով կերակրելու ցուցանիշը կազմում 45 տոկոս: Այնինչ՝ այս ցուցանիշը 2010 թվականին կազմել է 35 տոկոս: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ ցուցանիշն, իհարկե, բարելավվել է, սակայն դա բավարար չէ: Դեռ շատ անելիքներ կան այս ուղղությամբ: Նախընտրելի ցուցանիշն այն է, որ մինչև 6 ամսական երեխաների 80 և ավելի տոկոսը կերակրվի կրծքով: Ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է ակտիվորեն շարունակել իրազեկման աշխատանքները: Հանրապետությունում օգոստոսի 1-7-ն անցկացվում է կրծքով կերակրման իրազեկման շաբաթ, որի շրջանակում ակտիվ աշխատանք է նախատեսված բուժհաստատություններում, սոցիալական ցանցերում:

«Մեր նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը, բարելավել երեխաների առողջությունը: Մայրական կաթն առանձնանում է հարուստ էլեմենտներով, անվտանգ է, հզոր միջոց է պայքարելու մանկական ինֆեկցիաների դեմ: Երեխաներին մինչև 6 ամսականը պետք է կերակրել բացառապես կրծքի կաթով: Դա մայրիկների համար նույնպես կարևոր է, նպաստում է հղիության ընթացքում ձեռք բերած քաշի նվազեցմանը, դեպրեսիայի հաղթահարմանը և այլն»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Մասնագետի խոսքով՝ իրազեկման աշխատանքներում պետք է ներառել ոչ միայն մայրիկներին, այլև ընտանիքի անդամներին: Կերակրող մոր համար այդ դժվար շրջանում շատ կարևոր է, որ ընտանիքի անդամները թիկունք լինեն: Մյուս կողմից հղիների հետ աշխատող բժշկական անձնակազմին նույնպես պետք է իրազեկել:

«Հաճախ տարբեր միֆերով պայմանավորված, մայրիկներին, երեխաներին կերակրելու տարբեր փուլերում, դրդում են հավելյալ սննդի: Օրինակ, երբ երեխայի ծնվելուց հետո մայրիկին ասում են, թե իր կաթը սննդարար չէ, քիչ է, պետք է անցնել այլ սննդի: Նախ ասեմ, որ կրծքի առատ կաթ ոչ ոք չի ունենում առաջին իսկ օրերին: Դրանից բացի, առաջին երկու օրերին եղածը բավական խիտ է, սննդարար է ու պարունակում է բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնք պետք են երեխաներին»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Կարդացեք նաև

Մասնագետն ընդգծեց, որ, իհարկե, լինում են հակացուցումներ, սակայն կանանց մոտ 97 տոկոսը կարող է կրծքով կերակրել երեխային: Կյանքի ռիթմով պայմանավորված, այսօր շատ մայրիկներ ստիպված են լինում աշխատանքի վերադառնալ ու կրծքով կերակրելը դառնում է ավելի բարդ: Լիլիթ Ավետիսյանը նկատեց, որ օրենսդրորեն բոլոր կարգավորումները տրված են, կերակրող մայրերն աշխատանքի ընթացքում ունեն առավելություններ ժամերի հետ կապված: Օրենսդրորեն սահմանելը մի հարց է, գործնականում կիրառելն՝ այլ: Փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլոր գործատուներն են համապատասխան պայմաններ ստեղծում կերակրող մայրիկների համար: Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ գործատուների հետ նույնպես իրազեկման աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա:

Տեսանյութեր

Լրահոս