Ալժիրը, Նիգերիան և Նիգերը համաձայնության են եկել Անդրսահարական գազատարի կառուցման շուրջ

Ալժիրը, Նիգերիան եւ Նիգերն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է Անդրսահարական գազատարի նախագծի աշխատանքի վերսկսում: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել է Algeria Press Service գործակալությունը:

Հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել եռակողմ հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Ալժիրի էներգետիկայի եւ հանքահորերի նախարար Մուհամեդ Արքաբը, Նիգերիայի նավթի նախարար Թիմիպրե Սիլվան եւ Նիգերի նավթի, էներգետիկայի եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների նախարար Մահամանե Սանի Մահամադուն:

Ենթադրվում է, որ 4 հազար կիլոմետր երկարությամբ մայր խողովակաշարը կօգտագործվի Նիգերիայից Ալժիր գազի փոխադրման համար: Այնտեղից նիգերիական գազը կարող է արտահանվել Եվրոպա Անդրմիջերկրածովյան խողովակաշարով, որը միացնում է Ալժիրը եւ Իտալիան, կամ հեղուկացված բնական գազի տեսքով: Անդրսահարական գազատարի կառուցման համաձայնագիրն Ալժիրի, Նիգերիայի եւ Նիգերի իշխանություններն ստորագրել են տակավին 2009 թվականին:

Սակայն նախագծի իրականացումը բազմիցս հետաձգվել է, այդ թվում Հանուն Նիգերի գետաբերանի ազատագրման ապստամբական շարժման գործունեության պատճառով: Ինչպես նշում է France-Presse գործակալությունը, համաձայնագրի կնքման պահին նախագծում ներդրումների միագումար ծավալը գնահատվել է 10 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս