Երեք ուղերձ Թեհրանից՝ մեկ ամսում. ինչո՞ւ են Իրանում «անհանգիստ»

Տարածաշրջանում և տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական «կրքերի» ֆոնին Իրանը շարունակում է կարևոր ուղերձներ հղել Հայաստանի Հանրապետությանը: Հուլիսի 7-ին Հայաստանում ԻԻՀ Ազգային Անվտանգության գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանին, հուլիսի 19-ին՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, հուլիսի 23-ին էլ՝ Իրանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Շահրիյար Հեյդարին հստակ ուղերձներ հղեցին Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Իրանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Շահրիյար Հեյդարին օրերս ասել է, որ Իրանը թույլ չի տա արգելափակել հայ-իրանական սահմանը:

Մատնանշելով ՀՀ-ի ռազմավարական դրությունը, Շահրիյար Հեյդարին նշել է, որ դա Հայաստանի համար շատ խնդիրներ է ստեղծում, որոնցից մեկը ԼՂ հակամարտությունն է Ադրբեջանի հետ, որը հանգեցրեց ռազմական առճակատման, բայց այդ խնդիրը պետք է լուծվի լուրջ ու դիվանագիտական եղանակներով: Նրա խոսքով, Իրանը մշտապես համարել է, որ այս երկու պետությունները խնդիրը պետք է լուծեն քաղաքական եղանակով:

Հեյդարին նաև ասել է, որ որոշ արտաքին ուժեր ցանկանում են ստեղծել միջանցք, որը Հայաստանով կտանի դեպի Նախիջևան, սակայն Հայաստանն ու Իրանն ընդգծում են, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:

«Մենք Հայաստանի հետ 47 կմ-անոց սահման ունենք, որի մի մասն Արաքս գետի սահմանն է, ու մենք թույլ չենք տա որևէ վնաս հասցնել այդ սահմանին: Հայաստանի ու Իրանի միջև սահմանը մշտապես եղել է անվտանգ, և դրա անվտանգության համար երկու երկրներն էլ փորձում են միջոցներ ձեռնարկել սահմանին ցանկացած անօրինական տեղաշարժի և ոտնձգության դեմ, և չունեն որևէ երրորդ կողմի, օրինակ՝ Թուրքիայի խորհրդատվության կարիքը»,- հավելել է իրանցի պատգամավորը։

Իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարը մեզ հետ զրույցում ասաց, որ նորություն չէ, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը Իրանի տարածաշրջանային քաղաքականության սկզբունքային հարցերն են:

Ըստ նրա, այդ մասին իրանցի գործիչները մշտապես նշել են, և ըստ էության այդ հարցի շուրջ դիրքորոշման պատճառով Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածության բռնկման փուլ են ունեցել:

«Ներկայումս իրավիճակը, բնականաբար, մի փոքր այլ է թվում, քանի որ անդրադարձն այս թեմային ավելի հաճախակիացել է, ու մակարդակը՝ է՛լ ավելի բարձրացել: Պատճառը ռեգիոնալ գործընթացներն են, որոնք հրապարակային բնույթ չեն կրում և առավելապես փակ են ընթանում, մեծամասամբ հասկանալի չէ, թե ինչ է քննարկվում, և որ ուղղությամբ են պայմանավորվածությունները:

Սակայն, եթե Իրանում անդրադառնում են հարցին այս շեշտադրմամբ, ուրեմն հիմնավոր պատճառ, հիմք կա դրա համար: Իրանական դիվանագիտությունը բավական զգուշավոր է: Դրա հետ մեկտեղ, եթե կան նման ինտենսիվության անընդհատ արձագանքներ, ուրեմն ռեգիոնալ տերություններն այդ հարցը քննարկում են, և Իրանն անհրաժեշտ է համարել հստակեցնել իր դիրքորոշումը Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների մոտ՝ ցույց տալով, որ այդ դիրքորոշումը չհարգելը խնդիրներ կառաջացնի»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, Իրանը նաև ուղերձ է հղում, որ Հարավային Կովկասում օրակարգ ունի, և հարավկովկասյան թեմատիկան Իրանի ղեկավարների հռետորաբանությունում շատանալու է, քանի որ այդ օրակարգի բացակայությունը հակասում է Իրանի շահերին:

Տեսանյութեր

Լրահոս