Մարտունու Մթնաձորի խորհրդավոր ու թաքնված վկայագրերը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից մի քանի կիլոմետր հարավ տարածվում է Մթնաձորը՝ բարձրաբերձ լեռնագագաթներով, խորունկ ձորերով, ժայռախմբերով ու քարափներով։ Բնության այս հրաշքին գումարվում են նաեւ պատմության հրաշալիքները, քանի որ մարդ արարածն այս խորհրդավոր աշխարհը յուրացրել է հազարամյակներ առաջ՝ այս անառիկ լեռնաշխարհում կառուցելով բնակատեղիներ, բերդեր ու ամրոցներ, լեռան երկու փեշերով մեկ ձգվող ջրանցքներ, ջրամբարներ։ Ամենախոսուն վկայությունն այս մասին այն դամբարաններն են կամ մարդկային կմախքները, որոնք գտնվել են բնակատեղիներին մոտիկ հատվածներում։

Պատմական հրաշալիք է, իրոք, Հեսրի առու կոչվող ջրանցքը, որը սկիզբ է առնում Մարտունի գետի վերին ակունքներից, բարձրանում Մթնաձորի հյուսիսային լեռան փեշով, անցնում տասնհինգ կիլոմետրի չափ եւ ջուր մատակարարում Վաղաշեն եւ Մարտունի բնակավայրերին։

Հեսիր բառը պարսկերեն է , որը նշանակում է գերի։ Անառարկելի է, որ նման բարդ կառույցը հնարավոր էր իրականացնել միայն գերիների ուժն օգտագործելով, քանի որ ջրանցքն անցնում է գլխապտույտ թեքություններով, ձորակներով, ոլորաններով, ապառաժներով։ Այս ջրանցքը հազարամյակներ շարունակ ջուր է տվել բնակավայրերին, անասնահոտերին, խոտհարքերին ու արոտներին, շեն պահել այս գողտրիկ աշխարհը։ Այն նաեւ գործող է մինչ օրս՝ իր հողե հունով։ Նրա միջով ոռոգման շրջանի այս օրերին կարկաչյունով հոսում է ամենակենարար ջուրը։ Նման մեկ այլ ջրանցք էլ ձգվում է Մթնաձորի հարավային փեշով, որին տեղացիները Դբուր անունն են տալիս։ Նրա երկարությունն էլ տաս կիլոմետրից ավելի է։ Սակայն այս ջրանցքը շատ վաղուց չի գործել, լցվել է հողի շերտով, բայց հեռվից անզեն աչքով երեւում է դրա ուղղահայաց գիծը։

Շատ էի ուզում ապացուցել, որ այս լեռան փեշով մեկ տաս կիլոմետրից ավել ձգվող ջրանցքը հազարամյակներ առաջվա կառույց է, այլ ոչ թե մեկ կամ երկու դար առաջվա, ինչպես համոզված են շատերը եւ Հեսրի առվի փոխարեն ասում են Մանասի առու։

Հավելեմ, որ Մանասը եղել է Վաղաշեն գյուղի երեւելի ու ժողովրդասեր մարդկանցից մեկը, ով ջանքեր է գործադրել, որպեսզի նույն Հեսրի առվի ջրանցքը նոր շունչ ու կենդանություն ստանա՝ իր հերթին ծաղկեցնելով շրջապատը։

Երբ քսանյոթ տարի առաջ իտալացի հնագետ Ռաֆայելե Բիշիոնեին եւ հնագետ- ուրարտագետ Սիմոն Հմայակյանին ուղեկցեցի Հեսրի առու կոչվող ջրանցք, նրանք, ոգեւորված իրենց տեսածից, ասացին, որ նման կառույց հնարավոր էր անել միայն հզոր պետության մեջ, եւ այդ պետությունը կարող էր լինել Ուրարտուն։ Երբ հեսիր բառն ասացի, նրանք համոզվեցին, որ գործ ունենք գերիների կառուցած առվի հետ եւ ասացին, որ եթե արձանագրություն գտնեմ այս վայրերում, արդեն կհաստատվի այս ջրանցքի կառուցման ստույգ դարաշրջանը։


Այդուհետ ամեն տարվա ամռանն ու աշնանը, երբ ազատ ժամանակ էի գտնում, ինձ գցում էի Մթնաձոր։Երեւի թե այդ ընթացքում նայել եմ քար առ քար, ժայռ առ ժայռ, բայց ջանքերս զուր էին անցնում։

Այս անգամ որոշեցի Մթնաձորի հյուսիսային փեշի ճանապարհով գնալ, իսկ ոտքով գալ լեռան հարավային փեշով:

Գնացի ու գտա։ Հավատացեք, այնպիսի բաներ գտա, որոնք արդեն ոչ մի կասկած չեն թողնում այս երկու ջրանցքների, նրանցով սնվող ջրամբարների, հնագույն բերդերի ու բնակատեղիների գործունեության մասին։

Վաղաշենի գոլեր կոչվող ցամաքած ջրամբարի հարավային թեւում աչքս մի բլրաձեւ ու շրջանաձեւ շարվածքի հանդիպեց։ Ինձ ուղեկցող Համիկ Ավդալյանին խնդրեցի կանգնեցնել մեքենան։ Ուշադրություն են գրավում ձեռքով մշակված քարերը, որոնք ընկած են այս խորհրդավոր կառույցի շրջանագծի մուտքի մոտ կամ ներսում։

Պարզապես ցնցող է, քանի որ անզեն աչքով էլ երեւում է, որ այդ քարերին մարդկային քանքարավոր ձեռք է դիպել։ Հազարամյակների հեռվից մաշված ու մամռակալած քարերն այլեւս խոսում են առեղծվածի մասին։

Շրջանագիծը բավականին մեծ է, իսկ դեպի վեր բարձրացող բլրաձեւ շարվածքի գագաթի քարի տակ մերօրյա գանձագողերից մեկը փորվածք է արել։

Ի՞նչ կարող է լինել այս կառույցը: Այն կարող է լինել դիտակետ՝ տարածքը թշնամուց հսկելու համար: Կարող է լինել ամրոց՝ թշնամուց պաշտպանվելու համար, կարող է լինել մեծ դամբարան, կարող է լինել պաշտամունքի հուշարձան: Ի դեպ, մոտ երեք տասնամյակ առաջ այստեղից քիչ հեռու ես մարդկային գանգ եմ նկատել, որ ընկած էր ճանապարհաեզրի վրա: Այս կառույցի գագաթից, ինչպես բռիդ մեջ, երեւում են հնագույն ջրամբարի հետքերը, մի քանի բերդերի ավերակներ, ներքեւում՝ Սեւանա լիճը եւ Մարտունի քաղաքի մի հատվածը:

Ի դեպ , այս հուշարձանը գտնվում է ծովի մակերեւույթից մոտ 2700 մետր բարձրության վրա, իսկ նրանից մի քանի կիլոմետր դեպի արեւելք բարձրանում է Գեղարքունիքի մարզի ամենաբարձրադիր հուշարձան-սրբավայրը՝ Սարի Սուրբ մատուռը, որտեղ միջնադարյան գեղաքանդակ խաչքար կա պահպանված: Սարի Սուրբը գտնվում է Աստղոնք լեռան գագաթին, ծովի մակերեւույթից 3470 մետր բարձրության վրա:

Տեսնես ի՞նչ մտքի եւ ուժի տեր մարդիկ են եղել մեր հեռավոր նախնիները, որ մինչեւ վերջին թիզ հողը յուրացրել են այս լեռնաստանը՝ կառուցելով ջրանցք ու ջրամբար, բերդ ու ամրոց, գյուղ ու տուն, դամբարան ու մեհյան, հերկելով ու ոռոգելով դաշտերը եւ պահելով ու բազմացնելով անհամար անասնահոտեր…

Շարժվում ենք առաջ եւ բռնում Մթնաձոր տանող ճանապարհը: Մեքենայի ապակուց նայում եմ դեպի հյուսիս՝ աչքս չկտրելով քարաժայռերից: ինձ թվում է, որ այդ օրը նպատակների կատարման օր է, ու հույսով, համառորեն նայում եմ՝ աչք իսկ չթարթելով: Հանկարծ նկատում եմ մի ողորկ քար՝ վրան հստակորեն երեւացող գիր: Միանգամից կանգնեցնել եմ տալիս մեքենան: Իջնում ու ուշադիր զննում եմ հեռվից իմ տեսած քարը, որ հենված է մի ուրիշ քարի վրա: Այն դրված է ուղղահայաց բարձունքի վրա: Պետք է մագլցեմ, ուրիշ ելք չկա: Լուսանկարելուց հետո իջնում եմ՝ դարձյալ մացառներից կառչելով: Մեքենայի մեջ ոգեւորությունս կարողանում եմ թաքցնել, դարձյալ այն հույսով, որ մի ինչ-որ բան էլ կգտնեմ հարավային լեռան փեշի ջրանցքի հունի մոտ:

Դրա համար հարկավոր է բարձրանալ մի երկու հարյուր մետր ու արեւելքից դեպի արեւմուտք քայլել մինչեւ ութ-ինը կիլոմետր:

Ջրանցքի հունը լցված է, հողը հազարամյակների մեջ ծածկել է գրեթե ամեն ինչ, բայց տեղ-տեղ երեւում են ջրանցքի քարե պատերը՝ հատկապես ձորաբերանների անցումներում: Մենք չենք դժվարանում քայլելուց, քանի որ ոչ թե վերելք ենք հաղթահարում, այլ քայլում ենք այն ճանապարհով, ինչ ճանապարհով մի ժամանակ անարգել ու կարկաչելով հոսել է կենարար ջուրը՝ ջրելով արոտներ ու խոտհարքեր, անասուններին, բնակավայրերն ու ռազմական ամրոցները, որոնց հետքերը մինչեւ հիմա էլ, մի քանի հազարամյակ անց, պահպանված են:

Արեւն արդեն գնում է դեպի մայրամուտ: Հարկավոր է շտապել: Հանկարծ կանգնում եմ մի ժայռի առաջ, որը բաղկացած է երեք առանձին ապառաժների ներդաշնակությունից: Իսկ նրանց գագաթին մի հղկված քար է կանգնած: Այդ քարին հասնելը որոշում եմ թողնել հետագային, քանի որ դա արդեն կապված էր ժամանակի հետ, որը, ցավոք, չունեի: Դրա համար որոշեցի ներքեւից լուսանկարել, հետո մոտեցնել լուսանկարը, խոշորացնել ու հասկանալ: Տեսնում եմ, որ այստեղ էլ գրի հետ գործ ունեմ, միանգամայն տեսանելի գրի:

Չգիտեմ, թե ինչ կասեն անվանի ու տիտղոսակիր հնագետները, ինչ կասեն ինձ մտերիմ հնագետները, բայց ես պատրաստ եմ ապացուցել իմ ասածները, պատրաստ եմ ամենայն նվիրվածությամբ համագործակցել եւ օժանդակել, որ մասնագետները տան իրենց եզրակացությունները այս կարեւոր հարցի շուրջ, որից կարող են միայն ու միայն շահել հայագիտությունը, հնագիտությունն ու հայրենագիտությունը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս