Կարեն Անդրեասյանին «խփելու» «ճիշտ» պահը՝ ըստ Քրիստիննե Գրիգորյանի

Երեկ դատարանի շենքում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով մասնակցում էր իր վերաբերյալ քրեական վարույթի դատաքննության առաջին ու, ցավոք, վերջին նիստին: Մահացավ մի վայրկյանում, երբ րոպե առաջ լայն ժպտում էր, մահացավ ակնթարթորեն՝ առանց, թերևս, հասկանալու՝ ինչ է կատարվում: Կար մարդը, ու չկա մարդը:

Շատերը երեկ խոսեցին, խոսեց նաև Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը:

«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ»,- գրել էր նա՝ հավելելով, որ հետևողական է լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։

Ուշագրավ է, որ Քրիստիննե Գրիգորյանն առանց որևէ բառ ասելու կալանավորման նպատակահարմարության մասին, այն մասին, թե առհասարակ այդ հոդվածով Արմեն Գրիգորյանի դեպքում տիկնայք դատավորները որտե՞ղ են տեսել կալանավորման հիմք, որ մեկը տվել է կալանքը, մյուսը՝ հաստատել, սլաքներն անմիջապես ուղղել էր Արդարադատության նախարարության, ավելի ստույգ՝ Քրեակատարողական ծառայության կողմը:

Կարդացեք նաև

Ավելի ուշ, իհարկե, Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ Արմեն Գրիգորյանի առողջական լուրջ խնդիրների վերաբերյալ իրենք տեղեկացված չեն եղել, նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ Ֆրանսիայի հրապարակում երեկ հանրահավաքի ժամանակ ասաց, որ քրեակատարողական հիմնարկում Արմեն Գրիգորյանը խնդիրներ չի ունեցել:

«Հանուն արդարության և հենց այսօր, երբ ես շատ մեծ պատասխանատվություն եմ զգում Արմենի հիշատակի առջև, ուզում եմ անկեղծորեն ասել, որ ՔԿՀ-ում մենք չենք տեսել Արմենի նկատմամբ որևէ վատ վերաբերմունք: Այնտեղ եղել են մանր-մունր խնդիրներ, որոնք շատ արագ լուծվել են: ՔԿՀ-ում Արմենը չի նեղվել: Խոսքերս հասկացեք ամենալայն իմաստով: Եթե որոշ մարդիկ կային, որ մտածում էին՝ Արմենը ՔԿՀ-ում նեղվելու է, որովհետև իրեն նեղելու են, նման բան չի եղել»,- ասել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Ըստ նրա՝ այստեղ չեն խնդիրները, խնդիրներն այլ տեղում են:

«Ինչո՞ւ պետք է առհասարակ Արմեն Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկում հայտնվեր: Խնդիրն այն է, թե Արմեն Գրիգորյանին ինչի՞ համար են նստեցրել, ե՞րբ, ովքե՞ր և ո՞ւմ հրամանով են նստեցրել: Արմեն Գրիգորյանը ՔԿՀ-ում բացառապես իր քաղաքական հայացքների համար է հայտնվել: 2021թ. ապրիլին մի հաղորդման ժամանակ մի էմոցիոնալ խոսքի համար, որը հիշեցին 2022թ. մայիսին, որի մասին ոչ ոք չէր խոսում մեկ տարվա ընթացքում: Արմեն Գրիգորյանի նկատմամբ այս քաղաքական հետապնդումը սկսվել է այն խոսքերի համար, որը նա ասել է առաջին անգամ Եռաբլուր գնալուց հետո: Եվ դատական նիստի ժամանակ, դատավորի հարցին ի պատասխան, նա ասաց՝ Դուք հարցրիք, ես ասացի: Նա անգամ իր այդ խոսքերի էմոցիոնալ ֆոնի մասին չէր ուզում խոսել»,- նշել էր Արմեն Գրիգորյանի պաշտպանը:

Ռուբեն Մելիքյանը նաև ասել էր, որ Արմեն Գրիգորյանի մահվան մեղավորներին պետք է փնտրել քննիչների, դատախազների, դատավորների ու նրանց քաղաքական պատվեր տվողների մեջ:

«Այդ մարդկանց ես կոչ եմ անում՝ ձեր երեխաների վրա մի թողեք այս մեղքը, մի թողեք նրանց վրա Արմեն Գրիգորյանի արյունը: Խոստովանեք և ապաշխարեք, թե ո՞վ է ձեզ պատվիրել այս ամենը»,- եզրափակել էր Ռուբեն Մելիքյանը:

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը շրջանցել էր այս հարցերը, նրա համար էականը, ըստ իրեն՝ հարմար պահին արդարադատության նախարարությանը, ասել է թե՝ Կարեն Անդրեասյանին խփելն էր: ՄԻՊ-ը չէր կարող այնքան իրավական գրագիտություն չունենալ, որ չհասկանար՝ չի կարելի այդքան կացնային ձևով թիրախավորել Արդարադատության նախարարությանը ու որևէ կերպ չանդրադառնալ մարդուն խոսելու համար կալանավորելու հանգամանքին: Ուրեմն ինչո՞ւ երեկ այդ բովանդակությամբ տեքստ հայտնվեց ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որովհետև դժվար է հավատալ, որ մինչև գրավոր հարցում ուղարկելը ՄԻՊ-ը չի խոսել Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմերի հետ, ու նրան չեն հավաստիացրել նրանում, ինչի մասին հետո հայտարարություն են տարածել:

Արդարադատության նախարարության աշխատակիցների ու թեմային մոտ կանգնած շրջանակները լավ գիտեն, որ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ու նախարար Կարեն Անդրեասյանը, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունեն:

Ավելին, 168.am-ը մի առիթով գրել էր, որ եթե անգամ չընտրվեր Պաշտպանի պաշտոնում, Քրիստիննե Գրիգորյանը, միևնույն է, ազատվելու էր արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, քանի որ նրա ու Կարեն Անդրեասյանի ջրերը մի առվով չէին հոսում: Եվ հիմա ըստ ՄԻՊ-ի՝ «ճիշտ» ժամանակն էր խփել արդարադատության նախարարին՝ հընթացս նաև դատարանների վրայից մաքրելով քաղաքական պատվերի թեման:

Արձանագրենք, որ Քրիստիննե Գրիգորյանը սեփական քինախնդրությանը հագուրդ տալու ճանապարհին չխորշեց անգամ մարդու մահը շահարկելուց, իր նախկին գործընկերներին, այդ թվում՝ քրեակատարողական ոլորտը համակարգող իր երբեմնի գործընկերուհուն, ում հետ միգուցե նաև մտերիմ է եղել, թիրախավորելուց այն դեպքում, երբ վստահաբար համոզված է եղել՝ մեղավորներին այլ տեղ պետք է փնտրել:

Ցավալի է, որ Մարդու իրավունքների պաշտպանն է իջնում անձնական հարցերն այսքան ցածրակարգ կերպով լուծելու մակարդակի, բայց ունենք այն, ինչ ունենք:

Տեսանյութեր

Լրահոս