Ինչո՞ւ պետք է առհասարակ Արմեն Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկում հայտնվեր․ Ռուբեն Մելիքյան
«Որքա՜ն կուզեի այսօր այս բեմից ելույթ չունենալ: Ուզում եմ այսօր խոսքս սկսել ներողությամբ այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր որ կմտածեին՝ ճիշտ չէ, որ այսօր այստեղից ես ելույթ եմ ունենում: Ինքս երկար մտածեցի, բայց մի քանի կարևոր պատճառ կա, որ կարծում եմ՝ հենց այսօր, հենց այստեղից պետք է խոսել Արմեն Գրիգորյանի մասին»,- այսօր Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց այսօր դատարանի դահլիճում ողբերգականորեն կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով՝ Արմեն Գրիգորյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվել, և դրա պատճառներից առաջինն այն է, որ ինքն արդեն տեսնում է՝ համացանցում բոլորովին սխալ ուղղությամբ է քննարկումը գնում, սլաքները սխալ ուղղությամբ են թեքվում, և ինքը կուզեր այդ ամենի մասին խոսել, որովհետև ի վիճակի չի եղել դեպքից հետո լրագրողների հետ խոսել:
«Շատ են խոսում այն մասին, որ Արմեն Գրիգորյանն առողջական խնդիրներ ուներ: Դա իսկապես այդպես էր, բայց Արմեն Գրիգորյանն ուներ նաև բարձր արժանապատվություն, երևի իմ տեսած ամենաբարձր արժանապատվություն ունեցած անձանցից մեկն էր: Եվ երբ մենք խոսում էինք առողջության մասին, ասում էր՝ լսեք, ո՞վ է մեզնից բժիշկը՝ ե՞ս, թե՞ դուք: Նա բժշկական կրթություն ուներ, բժիշկ էր ու ասում էր՝ ես իմ բուժմամբ զբաղվում եմ: Եվ մեզ ուղղակի այդպես էլ մինչև այսօր թույլ չտվեց, որ մենք դատարանի կամ որևէ այլ մարմնի առջև խոսենք իր առողջական խնդիրների մասին: Ասում էր՝ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ Արմեն Գրիգորյանն առողջական խնդիրներ է առաջ բերում, որ պատասխան չտա: Ես իմ ցանկացած խոսքի համար պատրաստ եմ պատասխան տալ, ես քաղաքական հետապնդման եմ ենթարկվում և պատրաստ եմ պատվով տանել իմ խաչը: Եվ իրոք, մինչև վերջին պահը նա պատվով տարավ իր խաչը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով՝ որոշ պաշտոնական շրջանակներ սկսել են սլաքներն ուղղել քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) ուղղությամբ:
«Հանուն արդարության և հենց այսօր, երբ ես շատ մեծ պատասխանատվություն եմ զգում Արմենի հիշատակի առջև, ուզում եմ անկեղծորեն ասել, որ ՔԿՀ-ում մենք չենք տեսել Արմենի նկատմամբ որևէ վատ վերաբերմունք: Այնտեղ եղել են մանր-մունր խնդիրներ, որոնք շատ արագ լուծվել են: ՔԿՀ-ում Արմենը չի նեղվել: Խոսքերս հասկացեք ամենալայն իմաստով: Եթե որոշ մարդիկ կային, որ մտածում էին՝ Արմենը ՔԿՀ-ում նեղվելու է, որովհետև իրեն նեղելու են, նման բան չի եղել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Ըստ նրա՝ այստեղ չեն խնդիրները, խնդիրներն այլ տեղում են:
«Ինչո՞ւ պետք է առհասարակ Արմեն Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկում հայտնվեր: Խնդիրն այն է, թե Արմեն Գրիգորյանին ինչի՞ համար են նստեցրել, ե՞րբ, ովքե՞ր և ո՞ւմ հրամանով են նստեցրել: Արմեն Գրիգորյանը ՔԿՀ-ում բացառապես իր քաղաքական հայացքների համար է հայտնվել: 2021թ. ապրիլին մի հաղորդման ժամանակ մի էմոցիոնալ խոսքի համար, որը հիշեցին 2022թ. մայիսին, որի մասին ոչ ոք չէր խոսում մեկ տարվա ընթացքում: Արմեն Գրիգորյանի նկատմամբ այս քաղաքական հետապնդումը սկսվել է այն խոսքերի համար, որը նա ասել է առաջին անգամ Եռաբլուր գնալուց հետո: Եվ դատական նիստի ժամանակ, դատավորի հարցին ի պատասխան, նա ասաց՝ Դուք հարցրիք, ես ասացի: Նա անգամ իր այդ խոսքերի էմոցիոնալ ֆոնի մասին չէր ուզում խոսել»,- ասաց Արմեն Գրիգորյանի պաշտպանը:
Նա նշեց՝ մի այնպիսի ձևակերպմամբ հոդված էին ընտրել, որ նման բան Հայաստանում չէր եղել:
«Անձամբ ես ամեն շաբաթ խոսում էի արցախահայերի նկատմամբ թշնամանքի, դիտավորյալ թշնամանքի մասին, որևէ գործ չի հարուցվել, իսկ Արմեն Գրիգորյանին ոչ միայն քրեական հետապնդման կանչեցին, այլև խայտառակ ձևով, ստորացնելով բռնեցին: Ի՞նչ էր, մարդասպա՞ն էր սերիական… Եվ դա նկարեցին ու ցուցադրեցին: Արմեն Գրիգորյանը պատասխանատվության էր կանչվել մի հոդվածով, որով մինչ այժմ մի հոգի էր պատասխանատվության կանչվել՝ հայ և եզդի ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու համար: Անմեղության կանխավարկածը հարգում եմ, ոչինչ չեմ ուզում ասել, բայց այդ մարդը, որը սորոսական է, որևէ մեկը նրա թանին թթու չի ասել, երբևէ մի անգամ անազատության մեջ չի եղել, որևէ մեկը արժանապատվությունը նվաստացնելու ձևով չի տարել: Հիմա էլ ԱՄՆ դեսպանների և կոնգրեսականների հետ նկարվում է, նրան հերոսացնում են»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով՝ սա է խտրականությունը, սա է քաղաքական հետապնդումը:
Պաշտպանը կրկին հիշեցրեց՝ Արմեն Գրիգորյանի մարդասպաններին ման չգալ այնտեղ, որտեղ դրանք չկան՝ ՔԿՀ-ում օրինակ:
«Նրան ման եկեք գրիչի հարվածները դնող քննիչների, դատախազների, դատավորների ու նրանց պատվեր տվողների մեջ»,- ասաց պաշտպանը:
Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ Արմենին սպանեցին Ֆրանսիայի հրապարակի համար, ապա մեջբերեց կալանքի միջնորդությունից մի հատված:
«Արմեն Գրիգորյանը իր հայտարարությունները հնչեցրել է Ֆրանսիայի հրապարակում, երբ հավաքվածների մեծամասնության շրջանում հնչում են պաշտոնատար անձանց նկատմամբ հակաօրինական արարքներ կատարելու, բռնություն կատարելու կոչեր, և նման պայմաններում Արմեն Գրիգորյանի գաղափարներն ու հայացքները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների: Հետևաբար՝ գտնում եմ, որ այլ խափանման միջոցները ի զորու չեն ապահովել Արմեն Գրիգորյանի վարքագիծը նախաքննության փուլում»,- ասաց նա՝ հավելելով՝ սա է Արմեն Գրիգորյանի սպանության պատճառը:
Ռուբեն Մելիքյանն ասաց, որ անգամ նախաքննության ավարտից հետո փակ էին Արմեն Գրիգորյանի շփումները, բացի երկու մերձավոր ազգականներից:
«Արմեն Գրիգորյանն ինքն ինձ ընտրեց որպես պաշտպան: Մայիսի 17-ին քննիչն ինձ զանգեց և ասաց, որ Արմեն Գրիգորյանը ձերբակալված է, ինքն ինձ խնդրեց զանգել Ձեզ, որ ներգրավվեք: Շատ զբաղված էի, բայց չկարողացա մերժել, ու ես սա համարում ու համարելու եմ իմ խաչը, որպեսզի Արմեն Գրիգորյանի անունը որևէ մեկի մտքով չանցնի արատավորել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ կրկին ներողություն խնդրելով մեր համաքաղաքացիներից, որ չկարողացան անել անհնարինը:
Ռուբեն Մելիքյանն իր խոսքի վերջում հնչեցրեց նաև բոլոր այն պաշտոնատար անձանց անունները, ովքեր կապ են ունեցել Արմեն Գրիգորյանին կալանավորելու հետ՝ քննիչ Մարկոսյան, դատախազ Երեմյան, դատավորներ Ալեքսանյան, Հովհաննիսյան:
«Առաջին ատյանի դատարանը գերմանական որոշումներուվ էր հիմնավորում իր որոշումը՝ չգիտես՝ ֆաշիստակա՞ն, թե՞ որ Գերմանիայի: Քրեական օրենսգրքից չգիտես որտեղից ներազգային բառն էին գտել: Այդ մարդկանց ես կոչ եմ անում՝ ձեր երեխաների վրա մի թողեք այս մեղքը, մի թողեք նրանց վրա Արմեն Գրիգորյանի արյունը: Խոստովանեք և ապաշխարեք, թե ո՞վ է ձեզ պատվիրել այս ամենը»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում