«Ամրագոտի չկապելուց ավելի շատ մարմնական վնասվածք, մահվան ելքով անդառնալի հետևանքներ են լինում, քան գազի բալոնից». Վարորդների իրավունքների պաշտպան
Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից: Իսկ լիցքավորման դեպքում կայանն առաջին անգամ կտուգանվի 200.000 դրամով:
«Դիմել եմ վկայագրման համար, ասել են, որ հերթս նոյեմբերին է, ու, եթե օգոստոսի 1-ից խստացվելու է, մեկը ես՝ ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ, որ հերթս առաջ գցեն: Ստիպված բենզին եմ լցնելու, մինչև հարցը լուծվի»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր վարորդներից մեկը:
Մյուսն էլ հորդորել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վկայագրել, ոչ թե սպասել օգոստոսին:
Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանն էլ կարծում է, որ պետք է նախ լուծեին լիցենզավորված կազմակերպությունների հարցերը, քանի որ մարզերի մի մասում դրանք բացակայում են:
«Ասում են՝ օգոստոսի 1-ից չենք երկարաձգելու, և վերջ: Եթե մարզում չկա ստուգման կայան, ո՞նց է լինելու: Տեսեք, գազի բալոնի տարեկան ապահովագրման գինը 3000 դրամ է: Աշխարհում այդ գնով ապահովագրություն գոյություն չունի: Եթե այդքան մեծ վտանգ է ներկայացնում, ապահովագրությունն ինչո՞ւ է 3000 դրամ: Մեքենայի կամ վարորդի ապահովագրությունը մի քանի անգամ բարձր է, որովհետև վտանգն ավելի մեծ է: ՀՀ-ում, իմ տեղեկություններով, ճանապարհներին մահացության թվերը շատ ավելի բարձր են, քան սահմանին: Ամրագոտի չկապելուց ավելի շատ մարմնական վնասվածք, մահվան ելքով անդառնալի հետևանքներ են լինում, քան գազի բալոնից»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Խաչատրյանը:
Իսկ ինչ վերաբերում է հերթերին, ապա նա կարծում է՝ փուլ առ փուլ անելու դեպքում կարող էին հարցը լուծել:
«Օրինակ՝ մինչև այսքան տարվա մեքենաներն այս ժամանակահատվածում դիմեին վկայագրման համար, մյուսները՝ այլ, որպեսզի հերթեր չլինեին: Վարորդների մեծ մասը չի գնա վկայագրումն անելու՝ երկու պատճառով. սկզբունքային և հերթերի»,- նշեց վարորդների իրավունքների պաշտպանը:
Խոսելով լիցենզավորված կազմակերպությունների կողմից առաջարկվող ու քիչ-քիչ բարձրացող գների մասին՝ նա նշեց. «Գինը գնալով ավելի է բարձրանալու»:
Հավելենք, որ ՀՀ ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այն վարորդները, որոնք գազաբալոնները տեղադրել են նախկինում, և տրանսպորտային միջոցների վրա գազաբալոններ տեղադրող կայանը տվյալ պահին գործող օրենսդրությամբ է վկայագիր տրամադրել, ապա խնդիր չեն ունենա, եթե վկայագիրը դեռևս ուժի մեջ է, պարզապես պետք է մոտենան կայաններին, ու այդ տվյալները մուտքագրվեն էլեկտրոնային շտեմարան: Եթե, օրինակ, այդ հավաստումը գործում է մինչև 2023 թվականի մայիս ամիսը, դա դեռևս ուժի մեջ է լինելու, կարիք չի լինելու այս պահին վկայագրել ու ևս 2-3 տարի ունենալ այդ վկայագրումը:
Ինչ վերաբերում է հերթին՝ վերջինը նշել էր. «Պարբերաբար իրազեկվում էր, որպեսզի անցնեն այդ գործընթացը: Ցավոք, մեր հասարակությունն այդպիսի մոտեցում ունի՝ բոլորը ցանկանում են վերջին պահին անել, և չի հաջողվում խուսափել այդ հերթերից: Եթե սա նոր է, ապա տեխզննման գործընթացը գործում էր և մեծ մասը տարին գոնե մեկ անգամ անցնում է այդ գործընթացով: Բայց փորձը ցույց է տալիս, որ սա ևս կատարվում է տարեվերջին: Համենայն դեպս, ամեն ինչ անում ենք, որ այդ հերթերից խուսափենք, և այն ընկերությունները, որոնք ցանկանում են նման գործունեությամբ զբաղվել, լիցենզիա ստանալ, այդ գործընթացը փորձում ենք հնարավորինս արագ կազմակերպել և ապահովել լիցենզավորված կայանների բաշխվածությունը ՀՀ ամբողջ տարածքով: Ցավոք, այսօր ոչ բոլոր մարզերում են լիցենզավորված կայաններ: Ունենք տարբեր հայտեր, այս պահին Սյունիքի մարզից փաթեթը կարծես ամբողջական է, մնացել է տեղում ուսումնասիրություն իրականացնել»: