Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի օրակարգում՝ «3+3»-ն է․ ինչ են խոսել Փաշինյանն ու Էրդողանը
Տարածաշրջանում կրկին ակտիվ օրակարգ է վերադարձել ռեգիոնալ «3+3» ձևաչափի մասին «խոսակցությունը»:
Վերջերս այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում։ «Ողջունում ենք Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային ձևաչափերին, այդ թվում՝ «3+3» հարթակին մասնակցության և համագործակցության հարցում։ Իրանը մոտ ապագայում կհյուրընկալի այս ձևաչափով հանդիպումը»,- ասել էր Բայրամովը։
Ձևաչափի մասին հունիսի 8-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում խոսել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան- Ռուսաստան, Թուրքիա, Իրան) երկրորդ հանդիպումը նախապատրաստվում է և կկայանա առաջիկա ժամանակահատվածում։
«Պայմանավորվել ենք, թե ինչպես հետագայում աշխատենք Հարավային Կովկասում։ Գիտեք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է «3+3» ձևաչափը։ Մենք առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք ընդգծում ենք, որ նրանց միշտ ուրախ կլինենք տեսնել։ Հերթական հանդիպումը նախապատրաստվում է ամենամոտ ժամանակահատվածում։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք հայտարարել դրա անցկացման մասին»,- ասել էր Լավրովը՝ հավելելով, որ Վրաստանի համար ձևաչափի դռները շարունակում են բաց մնալ:
Նրա այս հայտարարությանը հաջորդեց Լավրովի այցը Երևան, այստեղ ևս Սերգեյ Լավրովը խոսեց ձևաչափի մասին:
Ռուս դիվանագետը կարծիք էր հայտնել, որ տարածաշրջանային խնդիրների ու հարաբերությունների կարգավորմանը կարող է նպաստել նաև 3 + 3 տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքը: Նրա որակմամբ, դա կդառնա լրացուցիչ խողովակ տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության հաստատման և բազմակողմ համագործակցության զարգացման համար:
Այս թեմայի համատեքստում ուշագրավ ուղերձներ էր փոխանցել իրանցի անվտանգային բարձրաստիճան պաշտոնյա, Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ով օրերս Երևանում էր և իր այցի շրջանակում նշել էր, որ հավաքական համագործակցության ընդլայնումն առանց օտար ուժերի միջամտության տարածաշրջանի ամենահրատապ կարիքներից մեկն է անվտանգության ապահովման համար։ Շամխանին նաև նշել էր տարածաշրջանում տարածաշրջանային համագործակցության միջոցով խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը և ասել, որ Իրանը աջակցում է այնպիսի ձևաչափերի, ինչպիսին է «3+3», որը ներառում է Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։ Նրա այս շեշտադրումները հայկական մամուլում գրեթե որևէ տարածում չէին գտել, քանի որ պաշտոնական հաղորդագրություններից ևս բացակայում էին իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այս շեշտադրումները:
Ստացվում է, որ 3+3-ը ուկրաինական պատերազմի ֆոնին շարունակում է մնալ տարածաշրջանային ուժերի օրակարգում, և հաջորդ կանգառը նախատեսվում է Թեհրանում: Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Մյուս երկրները ևս մասնակցել են նախարարների տեղակալների մակարդակով, իսկ Իրանը ներկայացնում էր ԱԳՆ գլխավոր տնօրենը։
«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Սակայն Վրաստանը շարունակաբար հերքում է իր մասնակցությունը Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով:
Տարածաշրջանային զարգացումների կոնտեքստում այսօր կարևոր տեղեկատվություն հայտնվեց, որ Փաշինյան-Էրդողան առաջին հեռախոսազրույցն է կայացել ամենայն հավանականությամբ հայկական կողմի նախաձեռնությամբ, քանի որ թուրք ժողովուրդը տոնում է մահմեդական զոհաբերության գլխավոր տոնը՝ Կուրբան Բայրամը, իսկ Նիկոլ Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով: Այսինքն՝ Փաշինյանը որոշել է առաջին քայլն անել:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ «3+3»-ի մասին խոսակցությունները կրկին ակտիվացան Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերի չթուլացման ֆոնին:
Ըստ նրա, բնական է, որ պատերազմը ցնցել է և շարունակելու է ցնցել միջազգային հարաբերությունները՝ հետսովետական տարածքում և աշխարհում նոր կարգերի, վերադասավորումների հանգեցնելով:
«Շատերի պատկերացումը Ռուսաստանի շուտափույթ պարտությունն էր բոլոր ուղղություններով, և քանի որ դա տեղի չի ունենում, ավելին՝ շարունակվում է դիվանագիտությունը, աշխատանքը պատերազմին զուգահեռ, տեղում տարբեր տարածաշրջաններում փորձ են անում խնդիրներ լուծել: Եթե փորձենք պարզ ներկայացնել, ապա տարածաշրջանային հիմնական տերությունները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, որոնք բոլորն էլ ունեն իրենց այս կամ այն խնդիրներն Արևմուտքի հետ, ավելին՝ ունեն համագործակցություն տարբեր ռեգիոններում, ավելի ինտենսիվ՝ Մերձավոր Արևելքում։ Ցանկանում են համագործակցության այդ ձևաչափը տարածել նաև Հարավային Կովկասի վրա, որտեղ ակտիվության մեծ փորձեր է անում Արևմուտքը, մասնավորապես՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը:
Կա կոնսենսուս Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափով քննարկել տարածաշրջանային խնդիրների լուծման ձևաչափերը, փորձ է նվազեցնելու Արևմուտքի ազդեցությունը: Հաջողվել է Իրանին ևս ներքաշել այս ձևաչափին, որը կարող է ամրապնդվել ու բոլոր խնդիրների կառավարմամբ զբաղվել: Սակայն կան նաև խոչընդոտներ, ավելի փոքր երկրները, այսինքն՝ կոնկրետ հարավկովկասյան երկրներն ունեն համագործակցություն Արևմուտքի հետ, իսկ այս ծրագրի նպատակը դա վերացնելն է, ուստի այստեղ սպասվում է բազմապլան աշխատանք: Դա կախված է նաև Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, եթե լինեն ճնշումներ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ, ՀՀ-ն անընդհատ փորձելու է կոնտակտներ գտնել Արևմուտքում: Իսկ եթե հարցերը լուծվեն դիվանագիտորեն, ապա հնարավոր է՝ այս ծրագիրն ամրապնդվի»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, նրա խոսքով, հանգամանքը, որ եղել է մեկ հանդիպում, նշանակում է՝ հեշտ չի լինելու դրա կայացման ճանապարհն աշխարհաքաղաքական ներկայիս փուլում:
Խոսելով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին՝ Մալաշենկոն ասաց, որ հայկական կողմը վաղուց առաջարկել էր հանդիպել, դա կարծես ժամանակին չհաջողվեց, այս փուլում հաջողվեց կազմակերպել զանգ:
«Իհարկե բնական է, սպասելի էր, որ բանակցային գործընթացի մեկնարկից հետո, երբ արդեն հանդիպել են նաև ԱԳ նախարարները, կարող է լինել նաև ղեկավարների մակարդակով շփում: Այստեղ նկատենք, որ քայլեր անում է հայկական կողմը, մեկնում է Թուրքիա, զանգահարում է, խաղաղություն, բնականաբար, հարկավոր է Հայաստանին, բայց վստահաբար նշել, թե որքանո՞վ են այս հաշվարկները հաջող՝ չեմ կարող ասել, քանի որ թուրքական քաղաքականությունը վստահելի չէ»,- ասաց նա: Վերլուծաբանն այն կարծիքին է, որ առաջին զրույցը՝ որպես այդպիսին, լուրջ թեմաներ քննարկելու միտված չի եղել:
«Սա պետք է դիտարկել որպես առաջին քայլ՝ բարձրաստիճան կոնտակտներ հաստատելուն ընդառաջ թեթև, ոչ քաղաքականացված օրակարգով: Խնդիրները, ինչպես տեսնում ենք, դրվում են «թեթևից դեպի ծանր» սկզբունքով»,- ասաց Մալաշենկոն:
Իր հերթին՝ վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի շահն այս պրոյեկտում Վրաստանն է, ու միջազգային մեկուսացման ընթացքում համագործակցությունների խորացումը հնարավոր այլ ռեգիոններում: «Ռուսաստանի հույսն այն է, որ Վրաստանը չի կարողանա դիմադրել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի խնդրանքներին կամ իրեն չի կարող դուրս դնել տարածաշրջանային ձևաչափից: Դա, ինչ խոսք, այդպես է, սակայն այս պահի դրությամբ նաև հստակ չէ՝ այդ ձևաչափը կաշխատի՞, թե՞ ոչ, քանի որ տեսնում ենք, որ դեռ մեկ հանդիպում է կայացել: Վրաստանը դեմ է, և չեմ կարծում՝ այդ դիրքորոշումը կփոխվի»,- նշեց նա:
Իսկ ինչ վերաբերում է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին, ապա Ցինցաձեն ասաց, որ բանակցությունները հատուկ ներկայացուցիչների միջև պետք է ուղեկցվեն նաև պաշտոնական այլ քայլերով:
«Ցանկացած շփում լավ է, ժամանակը ցույց կտա, թե այս լարված մթնոլորտում երբ ու ինչ հաջողությամբ կավարտվեն հայ-թուրքական բանակցությունները»,- ասաց նա: