Բաժիններ՝

Տարիներ առաջ մոտ 1500 տաքսի ընկերություն ունեինք, հիմա ոչ մի տաքսի սերվիս չի մնացել․․․ հիմա վարորդներին սարքել են ճորտ. Պողոս Օղլուկյան

Տաքսիների գները որևէ կերպ չեն նվազում: Քաղաքացիները դժգոհում են՝ Օպերայից Կոմիտաս գնալու համար ստիպված են լինում վճարել շուրջ 2000 դրամ:

«Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Պողոս Օղլուկյանը վստահ է՝ շուկայում գինը թելադրում են օնլայն տաքսիները, և բարձր գինը պայմանավորված է հենց դրանով:

«Տարիներ առաջ մոտ 1500 տաքսի ընկերություն ունեինք, հիմա ոչ մի տաքսի սերվիս չի մնացել: Բոլորն ընկան պարտքերի տակ, մեքենաները ջարդ ու փշուր եղան, վերացվեցին: Այն ժամանակ մինիմալը 600 դրամ էր, «Յանդեքսը» եկավ,  սարքեց 300-400 դրամ, մարդիկ սկսեցին «Յանդեքս»-ից օգտվել: Ու այսպես մարդկանց խաբեցին: Բերեցին, այդ գները դրեցին, մեկ է՝ վարորդից 16 տոկոսն իրենք վերցնում են: Վարորդին էլ սարքեցին ճորտ, որովհետև պատկերացնո՞ւմ եք, 300 դրամով ուղևոր տեղափոխի, վառելիքի ծախս հոգա, մեքենան սարքին վիճակում պահի ու եկամուտ ունենա: Հիմա 50.000-ից ավելի տաքսիստ «Յանդեքս» է քշում:

Երեկ գիշերը մի տեղ էի հրավիրված՝ Գումից գնացի Աջափնյակ, 7 կմ-ը չէր անցնում 1700 դրամ վճարեցի: Այսինքն, կմ-ը 250 դրամո՞վ են քշում: Սարքել են «բարդակ»: Բազմիցս ասել ենք, որ թե՛ օնլայն, թե՛ անհատ տաքսիների դեպքում մինիմալը եկեք սարքենք 600 դրամ: Ինչո՞ւ չեն սարքում»,- մեզ հետ զրուցյում ասաց «Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահը:

«Յանդեքս»-ի վարորդների փոխանցմամբ էլ՝ նախկին 16 տոկոս միջնորդավճարի փոխարեն՝ հիմա իրենք պետք է վճարեն 18.5 տոկոս:

«Ինձ համար ձեռնտու է, որ 1 կմ-ի համար գումարը քիչ լինի, ժողովուրդը շատ նստի, քան բարձր լինի, ու մարդիկ չնստեն: Ես իրենց շատ տոկոս եմ տալիս: Օրինակ, եթե քշում եմ 20.000 դրամի, ապա 6000-7000 դրամ իրենց տոկոս եմ տալիս: Ավելի լավ է՝ քշեմ 10.000 դրամի և իրենց 2000 դրամ տամ: Սկզբում 300-400 դրամ էր, նոր էին շուկա մտնում, իսկ հիմա լիդեր է դարձել, ինչ ուզում՝ անում է»,- դժգոհեց «Յանդեքս»-ի վարորդներից մեկը:

Նշենք, որ ավելի վաղ, լրատվամիջոցների հետ զրույցում «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանն ասել է, որ միջնորդավճարի բարձրացումը միտված է ծառայության մատուցման որակի բարձրացմանն ու հավելվածի անխափան աշխատանքի բարելավմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս