
«Լեռնային Արցախը» կխաղա Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում

Դեռևս մոտ երկու ամիս առաջ, երբ պարզ դարձավ, որ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1-ին խմբի հաղթողը Արցախի «Լեռնային Արցախ» թիմն է, ֆուտբոլասեր հանրության առաջ ծառացավ հարցը՝ իսկ ո՞ր առաջնությունում է խաղալու թիմը, որովհետև 1-ին խմբի առաջնության հաղթողը տրամաբանորեն և ըստ կանոնակարգի՝ պետք է խաղա Բարձրագույն խմբի առաջնությունում:
Այդ ժամանակ 168.am-ին տեղեկություններ ստացավ, որ Արցախում համառ խոսակցություններ են պտտվում առ այն, որ հայտնի պատճառներով, «խաղաղության դարաշրջան» բացելու՝ իշխանությունների օրակարգի համատեքստում, «Լեռնային Արցախը» չի ստանա թույլտվություն՝ մասնակցելու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը:
Օրերս պարզ դարձավ, որ «Լեռնային Արցախը», այնուամենայնիվ, կմասնակցի Բարձրագույն խմբի առաջնությանը, որը կմեկնարկի հուլիսի վերջին՝ 10 թիմով: Ճիշտ է, երկրորդ փորձից, որովհետև այս տարվա ապրիլի 1-ին ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի նիստը մերժել էր ակումբին VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու արտոնագրի տրամադրումը:
Այժմ ակումբը հավաստիացրել է, որ պատրաստ է բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 17-ի պահանջները, որոնց բացակայության պատճառով էլ թիմին չէր տրամադրվել արտոնագրում:
«ՀՖՖ Գործկոմի անդամները, մանրամասնորեն քննարկելով «Լեռնային Արցախ» ՖԱ հարցը, որոշեցին թույլատրել «Լեռնային Արցախ» ՖԱ-ին մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին: Այսպիսով, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին կմասնակցեն հետևյալ 10 թիմերը՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», ԲԿՄԱ-ն, «Շիրակը» և «Լեռնային Արցախը»»,- ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: