
ՀՖՖ-ում հասունանում է հերթական սկանդալը. Առաջին խմբի հաղթողը «Լեռնային Արցախն է»

Թեպետ Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը դեռ չի ավարտվել, բայց արդեն իսկ հայտնի է հաղթողի անունը: Այս մրցաշրջանում Առաջին խմբի առաջնության առաջին հորիզոնականում «Լեռնային Արցախ» թիմն է. թիմը վաղուց անհասանելի է իր մրցակիցների համար:
Այս տեսքն ունի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակն այս պահին:
Այս առնչությամբ դեռևս մայիսի 9-ին «Լեռնային Արցախի» գլխավոր մարզիչ Արտաշես Ադամյանի շնորհավորական ուղերձն էր հրապարակվել թիմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Այսօր այս հիշարժան օրը գրանցվել է նաև մի նոր հաղթանակ Արցախի պատմությունում: «Լեռնային Արցախը» հռչակվել է Առաջին խմբի չեմպիոն: Դա մեր բոլորիս հաղթանակն է: Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին, թիմի մարզիչներին, աշխատողներին, պետության ղեկավարներին ու ամբողջ Արցախին»,- մասնավորապես գրել էր մարզիչը:
Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը:
«Լեռնային Արցախը»՝ որպես առաջին խմբի հաղթող, պետք է, ըստ տրամաբանության, մասնակցի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը: Դրա համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) պետք է լիցենզիա տրամադրի ակումբին, մինչդեռ 168.am-ին տեղեկություններ հասան, որ Արցախում համառ խոսակցություններ են պտտվում առ այն, որ հայտնի պատճառներով, «խաղաղության դարաշրջան» բացելու՝ իշխանությունների օրակարգի համատեքստում, «Լեռնային Արցախը» չի ստանա թույլտվություն՝ մասնակցելու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Թե ինչպես այդ որոշումը կփաթեթավորեն ՀՖՖ-ում, կիմանանք օրեր անց, իսկ ՀՖՖ-ին հարցում ուղարկելն անօգուտ զբաղմունք է. միևնույն է, չեն պատասխանում:
Մարտին Պետրոսյան