Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո
Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել կանոնավոր թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո: Այս մասին հաղորդում է Cumhuriyet թերթը։ Հրատարակության տեղեկատվությամբ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում Թուրքիան եւ Իսրայելը պլանավորում են կնքել քաղաքացիական ավիացիայի բնագավառում համագործակցության նոր համաձայնագիր: Այդ հարցի շուրջ բանակցությունները կկայանան հուլիսի 4-ին:
Դրանք, մասնավորապես, նախատեսում են Իսրայելից ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման, դրանց հաճախության ավելացման եւ անվտանգության կարգավորման հարցերի քննարկում, ինչը պնդում է իսրայելական կողմը: Ինչպես հայտնում է Cumhuriyet-ը, իսրայելական ավիափոխադրողները Թուրքիա թռիչքներ չեն իրականացնում 2007 թվականից: Ըստ որում Թուրքիայի ավիաընկերությունները կատարում են կանոնավոր չվերթեր Իսրայել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: