Երևանը հայ-թուրքական գործընթաց մտել է` անուղղակի իմանալով, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կա համակարգում. Տարասով
Օրերս Միրզոյան-Լավրով ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև ամիսներ առաջ սկսված հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացին: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի կողմից կառուցողական մոտեցում չէ հայ-թուրքական հարաբերությունները կապելը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։
Նա, մասնավորապես, ասաց, որ ուրախ են լսել Թուրքիայի իշխանությունների այն հայտարարությունները, որ պատրաստ են դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը: Դա, Միրզոյանի որակմամբ, ողջունելի է։
«Մյուս կողմից՝ մենք մոտեցումների տարբերություններ ենք տեսնում, որ թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանի, ամեն դեպքում մենք կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների միջև։ Կապ, որը Թուրքիան է փորձում գտնել և ընդգծել յուրաքանչյուր առիթով»,- ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ կան որոշակի տարբերություններ այն առումով, որ տարբեր պատկերացումներ ունեն նաև դրանց տեմպի մասին։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նշեց, թե տարօրինակ է, որ Երևանին թվում էր, թե Անկարան պետք է գործընթացը կազմակերպի այնպես, ինչպես Երևանն է պատկերացնում ու ցանկանում: Ըստ նրա, նույնիսկ մինչ գործընթացի մեկնարկը և միշտ՝ Թուրքիան իր բոլոր գործողությունները համակարգել է Ադրբեջանի հետ:
«Դա, ի դեպ, արվել է առանց թաքցնելու: Հայ-թուրքական ցանկացած հանդիպման կամ ծրագրի անդրադառնալիս՝ թուրք պաշտոնյաները նշում են Ադրբեջանի դիրքորոշման մասին: Հիմա հայ-թուրքական գործընթացը սկսվել է, և Երևանը նոր նկատում է, որ կա Թուրքիայի ու Ադրբեջանի միջև համաձայնեցո՞ւմ: Դա միշտ էլ եղել է, հասկանալի չէ՝ ինչու է այդ մասին ասվում հիմա, երբ արդեն սկսվել է հայ-թուրքական գործընթացը, և, այսպես թե այնպես, այդ երևույթն արդեն իսկ առկա է, ավելի վաղ դրան դիմադրություն հայկական կողմը չի հայտնել: Գուցե հաշվարկն այն է եղել, որ Երևանի դիրքորոշումն այնքան ծանրակշիռ կլինի, որ Անկարան կհրաժարվի՞ Բաքվի հետ սերտ շփումներից:
Ես դա չեմ կարող ասել, բայց դա այդպես եղել է ու կշարունակվի: Ավելին՝ տարածաշրջանը կապված է շատ ավելի լայն կապերով: Ինչպես հայտնի դարձավ վերջերս, 3+3 ձևաչափը ևս կգործի, թեև Թբիլիսին չի մասնակցում, սակայն տարածաշրջանային խնդիրները և տարածաշրջանի գլոբալ զարգացումը կլինի այս հարթակի քննարկման թեման»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ քաղաքականության փոխկապակցվածություն մշտապես կա տարածաշրջանում: «Թուրքիան և Ադրբեջանը միմյանց մեկ ժողովուրդ են համարում, դա կարգախոս է, որևէ մեկի համար նորություն չէ, և Երևանը գործընթաց մտել է՝ անուղղակի իմանալով, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կա համակարգում և համաձայնեցում»,- ասաց նա: