
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին:
Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի կառավարությունն ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ՝ նպատակ ունենալով շարունակաբար բարելավել ժողովրդավարության հզորացման, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի որակը: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի հետ գործընկերությունը, որի՝ վերջերս ընդունված բանաձևով արձանագրվում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների բնականոն ու դրական ընթացքը, ինչպես նաև այն, որ ընտրությունների կեղծման էջը փակվել է: Վարչապետը Կառավարության և եվրոպական կառույցների հետ համագործակցության համատեքստում հիշատակել է նաև ՄԻԵԴ-ի հետ հետևողական աշխատանքը՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի ուղղությամբ:
Վենետիկի հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել գնահատականի համար և վերահաստատել ՀՀ ժողովրդավարության օրակարգին սատարելու պատրաստակամությունը, որպեսզի մեր երկրում իրավական կարգավորումները լինեն հնարավորինս կուռ և ամուր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության օրակարգի շուրջ: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարության առաջնահերթություններից է շարունակում մնալ դատական համակարգի բարեփոխումը՝ որպես կարևորագույն ինստիտուցիոնալ ռեֆորմ, և այս համատեքստում կարևոր են արդարադատության որակի, դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման, դատավորների համար սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ շարունակական ջանքերը: Կլեր Բազի-Մալորին նշել է, որ կիսում է վարչապետի տեսակետը, և Վենետիկի հանձնաժողովն իր գործիքակազմով կաջակցի ՀՀ կառավարությանը, Սահմանադրական դատարանին այդ գործընթացում:
Հանդիպմանն արծարծվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր ևս:
Երկուստեք ընդգծվել է ռեֆորմների գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու հարցում և այդ ճանապարհին կարևորում է Եվրոպայի խորհրդի և եվրոպական կառույցների օժանդակությունը: