Գեոպոլիտիկ դախլչիների ժամանակը

Պետության իշխանության որակն արտահայտվում է առավելապես նրանով, թե որքանով է այն հետապնդում պետական, ազգային շահերը և որքանով է այդ իսկ իշխանությունը ծառայեցնում այդ շահերի իրացմանը։ Հայաստանի պարագայում, ինչպես գրեթե ամեն ինչ, դա ևս գործում է ճիշտ հակառակ տրամաբանությամբ․ ոչ թե իշխանությունն է ծառայեցվում պետական ու ազգային շահերի իրականացմանը, այլ վերջիններս են ծառայեցվում իշխանության պահպանման մեխանիկական նպատակին։

Սրա գլխավոր պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի համար իշխանությունը ոչ թե միջոց է այլ՝ ավելի բարձր նպատակների հասնելու համար, այլ ինքնին նպատակ, որին հասնելու և որը պահպանելու համար կիրառվում են բոլոր միջոցներն առանց խտրության։ Ամենապարզագույն մտավարժությունը բացահայտում է այդ իրողությունը․ կա՞ արդյոք տեսական ու գործնական հնարավորություն, որ որևէ պետական, ազգային նպատակի համար Նիկոլ Փաշինյանը կարող է հրաժարվել իշխանությունից։ Բանականություն և հայաստանյան իրողությունների մասին տեղեկացվածություն ունեցող ցանկացած մեկի համար այդ հարցի պատասխանը միարժեքորեն բացասական է։ Նա կառչած է աթոռին:

Վարժության հաջորդ հատվածը լրացնում է առաջին թեզը․ կա՞ արդյոք որևէ պետական կամ ազգային խնդիր, որը Նիկոլ Փաշինյանը չի զոհաբերի, եթե դա անհրաժեշտ լինի սեփական իշխանությունը պահպանելու համար։ Պատասխանը կրկին անվերապահորեն բացասական է։

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն առնվազն հետպատերազմյան շրջանում նշված հարց-պատասխաններն ապացուցող բազմաթիվ գործողություններ է կատարել՝ սկսած նրանից, որ ողբերգական պարտությունից հետո հրաժարական չի ներկայացրել ու դրանով պետությանը առնվազն ժամանակ շահելու հնարավորություն չի տվել, վերջացրած նրանով, որ այսօր հեզաբար կատարում է ադրբեջանաթուրքական ցանկացած քմահաճույք՝ իր իշխանությունը պահպանելու համար։

Այսպիսով, Հայաստանը ղեկավարում են մարդիկ, ում համար իշխանությունն ավելի թանկ է, քան պետական ու ազգային շահերը։ Որևէ նորմալ պետությունում սա հաստափոր քրեական գործի հարուցման հիմք կհանդիսանար։ Բայց քանի որ Հայաստանում քրեական գործեր հարուցում են նույն այդ իշխանությանը ծառայողները, ապա դա ուտոպիստական է հնչում։

Նման իշխանություն ունեցող պետություններն իսկական նվեր են աշխարհաքաղաքական մեծ ու փոքր խաղացողների համար, հատկապես մեր նման խառնակ տարածաշրջանում ու, առավել ևս, Հայաստանի նման բզկտված երկրի պարագայում։ Երբ որևէ երկրի իշխանություն առաջնորդվում է ոչ թե պետական, այլ իշխանապահպանման շահերով, այն պատրաստ է բավարարելու ցանկացած գեոպոլիտիկ կենտրոնի ցանկացած շահ, այդ թվում՝ անգամ թշնամական երկրներին հաճո, միայն մի պայմանով՝ եթե այդ բավարարումը հանգեցնելու է իշխանության պահպանմանը։

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ նման պատրաստակամություն ունեցող իշխանության հետ խոշոր ու ոչ խոշոր խաղացողները հարաբերվում են նաև հակառակ տրամաբանությամբ՝ ոչ միայն իրենց նախապայմանի ու շահի բավարարումն է հանգեցնում իշխանության պահպանմանը, այլ նաև այս կամ այն շահի մերժումը կարող է բերել իշխանության կորստի։ Լայն իմաստով, սա է Հայաստանում ու Հայաստանի շուրջ այսօր կատարվող գործընթացների խորքային պատճառը։

Պետությունը, փոխաբերական իմաստով, հանվել է վաճառքի, իսկ վաճառասեղանի հետևում կանգնածները թքած ունեն պետության վրա։ Նրանց գերխնդիրն աշխարհաքաղաքական դախլչու կարգավիճակի պահպանումն է անգամ այն դեպքում, երբ վերջնականապես սպառված կլինի վաճառքի առարկան։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս