Ինչո՞ւ է ակտիվացել Էդմոն Մարուքյանի ընկերը
Մայիսի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին գրություն էր հասցեագրել, որն ավելի ուշ փոխանցել էր նրան:
Գրության մեջ Էդգար Ղազարյանը հանգամանորեն անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում՝ հանձնաժողովի նախագահի կարգավիճակում Մհեր Գրիգորյանի գործունեության անհնարինությանը, նշել, որ նման հանձնաժողով ստեղծելու մասին որոշումն ապօրինի է մի քանի հիմնավորումներով։
Ըստ նրա՝ նախ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, հետևաբար՝ երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների համատեղ աշխատանքները, այդ թվում՝ հանձնաժողովների համատեղ նիստերը չեն կարող ունենալ որևէ դիվանագիտական և իրավական հիմնավորում։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով որոշում է կայացրել Ձեր ղեկավարությամբ նման հանձնաժողով ստեղծելու մասին, նախքան այդ որոշման կայացումը չի ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ միջազգային պայմանագիր։ Իրավական իմաստով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հետ կապված հարաբերությունները պետք է կանոնակարգված լինեին համապատասխան միջպետական պայմանագրով, որը պետք է անցներ ներպետական վավերացման գործընթաց, ինչը չի արվել։ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հոդված 5-ով սահմանվում է, որ Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով: Այսինքն` Ձեր ղեկավարությամբ ստեղծված հանձնաժողովը նման իրավասություն չունի, հետևաբար՝ ապօրինի է»,- գրել էր նա:
Ավելին, Էդգար Ղազարյանը հիշեցրել էր նաև, որ Հայաստանի Սահմանադրության հոդված 205-ը սահմանում է, որ Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:
Այլ հիմնավորումներ էլ էր ներկայացրել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը, և արդյունքում՝ ստացվել էր բավականին ծավալուն փաստաթուղթ:
Գրության հրապարակումից 3 օր անց՝ հունիսի 1-ին, դրան անդրադարձել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով վերջին խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու առաջադրված, այժմ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական փոփոխությունների խորհրդի անդամ, հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի ընկերը՝ Արտյոմ Գեղամյանը, ով, ի դեպ, նաև կարճ ժամանակով, նախկին իշխանությունների օրոք արդարադատության փոխնախարարի պաշտոն է զբաղեցրել:
Նախապես գրել էր, որ երբևէ չի միջամտել Ֆեյսբուքում ընթացող տարբեր, այդ թվում՝ առերևույթ իրավաբանական համարվող բանավեճերին, սակայն երբեմն որոշ պարզաբանումներ կարող են օգտակար լինել տարբեր կամ հակադիր կարծիքներ ունեցող կողմերի դիրքորոշումների հստակեցման համար։
Մասնավորապես, անդրադառնալով Էդգար Ղազարյանի՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ որոշման անօրինականությանը, գրել էր, որ պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը սովորաբար կապվում է փոխադարձ ճանաչման կամ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայության հետ, որը կարող է ձևակերպվել երկկողմանի միջազգային համաձայնագրով։
«Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը իրավական արգելք չէ պետությունների аd hoc համագործակցություն համար՝ պայմանավորված երկկողմանի անհրաժեշտությամբ։ Նման դեպքերը բազմաթիվ են միջպետական հարաբերությունների պրակտիկայում»,- ասել էր Արտյոմ Գեղամյանը՝ նշելով, որ որոշման համար իրավական հիմք է ծառայել «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, համաձայն որի՝ «վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին»։
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամն Էդգար Ղազարյանի գրության մնացած կետերին էլ էր անդրադարձել, բայց Արտյոմ Գեղամյանի առակությունների իրավական կողմին, ինչպես նաև առհասարակ ֆեյսբուքյան հարթակում ակտիվ չլինելով՝ այս անդրադարձի մոտիվացիային, դրա շահառուներին ու նպատակային հասցեատերերին կանդրադառնանք այլ առիթով:
Պետք է նշել, որ, ինչպես սովորաբար լինում է ԼՀԿ-ում, երբ մեկը մի բան գրում է, իսկ կուսակցության մյուս անդամները անշեղորեն առաջ են տանում նախանշված գծերը, Արտյոմ Գեղամյանի գրությանն անմիջապես արձագանքել էր Անի Սամսոնյանը՝ թերևս հատելով կոռեկտության սահմանը:
Գրառումը մեկնաբանել էր նաև արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Արտյոմ Գեղամյանը պատասխանել էր Գևորգ Դանիելյանին՝ շնորհակալություն հայտնելով արձագանքի համար:
Թե ինչու էր հրապարակային առարկություններով հանդես եկող իրավաբանը, ով Էդգար Ղազարյանին հակադարձելու շարժառիթ որպես՝ նշել էր, որ երբեմն որոշ պարզաբանումներ կարող են օգտակար լինել տարբեր կամ հակադիր կարծիքներ ունեցող կողմերի դիրքորոշումների հստակեցման համար, ինչը ենթադրում է հրապարակային քննարկում, ճիշտ համարում, որ Գևորգ Դանիելյանի հետ թեմայի վերաբերյալ քննարկումը լինի ոչ հրապարակային, թերևս, կիմանա ինքը, թեպետ դժվար չէ կռահել պատճառը:
Բայց նույնիսկ դա չենք ուզում հիմա դարձնել քննարկման առարկա: Արտյոմ Գեղամյանին ընդամենը առաջարկում ենք մտորել հետևյալ հարցերի շուրջ՝
- ինչո՞ւ ավելի վաղ երբևէ իրավական դիսկուրսի մեջ չի մտել երկրի առջև ծառացած բազմաթիվ կնճռոտ իրավական փոխհարաբերությունների վերաբերյալ
- ինչո՞ւ նույն այս ջանասիրությամբ հրապարակային գրառմամբ հանդես չեկավ այն ժամանակ, երբ ՀՀ Սահմանադրությամբ վավերացման գործընթաց ենթադրվող, ռազմաքաղաքական բնույթի միջազգային պայմանագիրը, որին Նիկոլ Փաշինյանը տվեց հայտարարություն անունը, փաթաթվեց ազգի վզին
- ինչո՞ւ իր հեղինակավոր իրավաբանի կարծիքը չլսվեց հակասահմանադրական «սահմանադրական փոփոխությունների» ժամանակ
- ինչո՞ւ նախորդ տարվա դեկտեմբերին ու այս տարվա հունվարին ստորագրված, դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորում ենթադրող ու կրկին վավերացում պահանջող փաստաթղթերին չանդրադարձավ
- ինչո՞ւ որևէ անգամ չխոսեց Նիկոլ Փաշինյանի կողմից «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքին հղում տալով՝ երկրից տարածքներ հանձնելն արդարացնող մանիպուլյացիաներից, երբ շատ լավ գիտեր, որ երկրի ղեկավարի աթոռին նստած անձնավորությունը հղում է տալիս դրույթների, որոնք վաղուց այդ օրենքում ուժը կորցրած են:
Ցանկը կարելի է շարունակել, և արտասահմանում իրավաբանական կրթություն ստացած Արտյոմ Գեղամյանը ամենալավը դա կարող է անել: