Ի՞նչ սցենար ունի Բրյուսելը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև Բրյուսելի միջնորդությամբ բանակցային գործընթացի հաստատմանը զուգահեռ՝ ակտիվ շրջանառվում է թեման, թե Բրյուսելը չունի մանդատ կարգավորելու Ղարաբաղյան հակամարտությունը: Եվ բանակցությունների ակտիվ փուլի հետ մեկտեղ՝ բարձրացվելու է նաև այս հարցը:

Ի դեպ, հատկանշական է, որ թեև փաստացի ԵԱՀԿ ՄԽ-ն ընդհանրապես չի գործում 44-օրյա պատերազմից հետո, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, դիվանագիտական հայտարարություններով հաստատում են իրենց ԵԱՀԿ ՄԽ համանախագող երկրի հանձնառությունը:

Մայիսի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցում ևս, ըստ հայկական կողմի, ԵԱՀԿ ՄԽ թեման քննարկվել է: «ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ս/թ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան՝ զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում, թեև Կրեմլինի տարածած պաշտոնական տեքստում այս մասին որևէ խոսք չկա:

Այնուամենայնիվ, ռուսական կողմը հատկապես վերջին շրջանում անընդհատ հիշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին:

Ապրիլին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Երևանի դիմումից հետո, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աղմկահարույց հայտարարություն արեց՝ նշելով, որ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով ռուսական մասնակցությամբ գործակցությունից։

Այս փուլում, այսինքն՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո, Արևմուտքը և մասնավորապես Բրյուսելը կարողացավ ամրապնդել իր դիրքերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջնորդ, կարողանալով կազմակերպել ոչ միայն Փաշինյան-Ալիև հանդիպումներ, այլև կողմերի միջև ուղիղ շփումներ հաստատել՝ Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցներ, Գրիգորյան-Հաջիև հանդիպումներ և ներկայումս արդեն՝ սահմանազատման գործընթաց, որը կողմերի միջև տեղի է ունենում դեռևս առանց ընդգծված մեկ միջնորդի:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Բրյուսելն իսկապես մանդատ չունի, սակայն հաստատապես ունի հստակ պլան, որի ուղղությամբ շարժվում է այս գործընթացում՝ որպես միջնորդ չտապալվելու և Արևմուտքի շահերը չկորցնելու համար:

Նրա խոսքով, այս պահին միակ մանդատ ունեցող հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և հենց սա է պատճառը, որ համանախագահ որևէ երկիր չի մերժում իր դերն այս ձևաչափում անընդհատ փոփոխվող աշխարհում:

Փորձագետն ասաց, որ ներկայիս փուլում այս ձևաչափը նաև տուժում է աշխարհաքաղաքական բոյկոտի հետևանքով, չնայած ԵԱՀԿ ՄԽ-ն ունի և ունեցել է առանցքային այլ խնդիրներ ևս:

«Հետաքրքրականն այն է, որ այս ձևաչափի դեպքում կարևոր է այն, որ կա մանդատ, կարևոր է ինքնին ձևաչափը, ներգրավված երկրների կազմը, որը խաղաղ իրավիճակում կայունության գործոն է, բայց նաև այն խնդրահարույց է, քանի որ մշտապես եղել են բարդ հարաբերություններ հակամարտող կողմերի և միջնորդ երկրների միջև, իսկ ներկայումս դրանք ընդհանրապես ճգնաժամային են: Բայց Արևմուտքը չի փակում այս դուռը, և կան տարբեր սցենարներ այս մասով»,- ասաց Լուկիանովը:

Նրա խոսքով, Բրյուսելն Ուկրաինայի պատերազմի ընթացքում կատարում է միջանկյալ դեր:

«Եթե ուշադրություն դարձնենք հայտարարություններին, կտեսնենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դեռ սպասվում է, կոնկրետ, որպես առանձին միավոր՝ Ղարաբաղի մասին չի խոսվում, և Բրյուսելն այսօր զբաղվում է առավելապես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով, տարածաշրջանի հարցերով, հակամարտության կարգավորումը պետք է սկսվի Խաղաղության համաձայնագրի մշակմամբ, կողմերի ԱԳ նախարարներին հանձնարարվել էր նախապատրաստվել սրան, Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ տարբերակով միմյանց առաջարկներ են հանձնել, ինչ-որ քննարկումներ են ընթանում, կան որոշակի տարաձայնություններ ևս: Բայց շատ բան նաև այս հարցում կախված է, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը, այդ ընթացքում ինչ պայմանավորվածություններ կհասցնեն ձեռք բերել կողմերը, Ռուսաստանն ինչ դիրքորոշում կունենա այդ ամենի հարցում:

Նկատելի է, որ Բրյուսելը խնդիր ունի ամրապնդել Երևան-Բաքու ուղիղ երկխոսությունը, որպեսզի դասական միջնորդի դերակատարություն չունենա և հակամարտությամբ անընդհատ չզբաղվի: Իհարկե, Բրյուսելի համար նույնիսկ նախընտրելի կլինի, որ առանց Մոսկվայի, Երևանն ու Բաքուն բանակցեն, գան համաձայնությունների՝ այս դեպքում Բրյուսելի համար չկա նախընտրելի սցենար, թե տեղում հարցը ինչպես կլուծվի, նախընտրելի է, որ կողմերը հանգեն համաձայնության, և դա ամրագրվի երկկողմ փաստաթղթով Խաղաղության համաձայնագրով, բնականաբար, որքան հեշտ ու արագ, այդքան նախընտրելի, որպեսզի Մոսկվան դրանում գրեթե չլինի: Սա, կարծում եմ, Բրյուսելի ամենալավ սցենարի դեպքում, սակայն կախված ուկրաինական ելքից՝ գուցե համաձայնություն լինի ԵԱՀԿ ՄԽ վերականգնման շուրջ: Շատ բան կախված է Ռուսաստանի ամրությունից Ուկրաինայի հարցում:

Ինչպես տեսնում ենք, խաղադրույքները բարձր են, քանի որ Միշելի վերջին հայտարարությունում նաև առանձին բաղադրիչով ներկայացված էր սոցիալ-տնտեսական ծրագրերը, որոնք ԵՄ-ն անելու է տարածաշրջանում, վերջին շրջանում ակտիվ խոսվում է աջակցության ծրագրերի մասին, եթե կարճ, ապա Բրյուսելը գործի է դրել իր ողջ արսենալը:

Սակայն տեղում հակամարտող երկրների համար կարևոր է կոնկրետ այն, թե ինչպես կլուծվի հակամարտությունը, դա ամենակարևոր հանգամանքն է երկու կողմի համար, և ես կարծում եմ, որ հենց դա էլ որոշիչ է լինելու»,- պարզաբանեց վերլուծաբանը: Նա նաև այն տպավորությունն ունի, որ մեկ-երկու ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ-ի վերականգնման վերաբերյալ Արևմուտքում այլ կարծիք կար, ԵԱՀԿ-ում ինտենսիվ քննարկումներ էին ընթանում, սակայն ըստ պլանի՝ իրավիճակը փոխվեց և ընթացավ այլ ուղղությամբ: «Կանխատեսումներ անելը ևս բարդ է, որովհետև անընդհատ դիրքորոշումներ ու որոշումներ են փոխվում»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս