«Լավագույն լուծումն այն կլինի, որ Փաշինյանը հանուն Հայաստանի՝ գիտակցված հեռանա». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն ամիսը մեկ անգամ այցելում է Արցախ: Վերջին այցից օրեր առաջ է վերադարձել, և 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ բարոյահոգեբանական ճգնաժամը գնալով խորանում է:

«Կասկածներն ապագայի հանդեպ ավելի են խորանում, ինչն ունենում է իր դեպրեսիոն ազդեցությունը: Մի կողմից՝ նույն մարդիկ ավելի հաճախ են սկսում Արցախ այցելել, բայց բարդ է գնահատել, թե այնտեղ իրականում սկսում է կյանքը եռալ: Ցավալի անորոշություն է մարդկանց մոտ, և այստեղի իշխանությունների ամեն ասած բառը մեծ ցավով է ընդունվում, հատկապես, որ հետո փորձում են ասել՝ այլ բան էինք ուզում ասել, այսպես ստացվեց: Արցախում ծանր իրավիճակ է այդ տեսանկյունից»,- ընդգծեց նա:

Թևան Պողոսյանի խոսքով՝ փողոցում պայքարող ազգային ուժերն իրենց ներդրումն ունեն նրանում, որ արցախցիները մտածում են՝ դեռ ամեն ինչ կորսված չէ, դեռ հույս կա. «Դա նպաստում է, որ արցախցին այսօր դեռ Արցախում է, այլ ոչ թե պայուսակները հավաքում և հեռանում է այնտեղից»:

Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին, նա հիշեցրեց այն հայտնի արտահայտությունը, որ թուրքը թուրք է մնում. «Նախկինում էլ են կրակել, հիմա էլ են կրակում, հետո էլ են կրակելու»:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ էլ չեն կրակի, նա արձագանքեց.

«Լո՞ւրջ, Սիրիան ու Թուրքիան չունեի՞ն խաղաղության պայմանագիր, Վրաստանն ու Ադրբեջանն էլ ոնց որ թե խնդիրներ պետք է չունենային, բայց մեկ-մեկ սահմաններին դեպքեր են լինում, Ադրբեջանի և Իրանի սահմաններին դեպքեր չե՞ն լինում: Պարզապես պետք է մեր պատմությունն ուսումնասիրենք: Այդ թեզերը մանիպուլյացիաներ են, մարդիկ իշխանությունը պահպանելու համար են պայքարում: Խոսում են ժողովրդավարության մասին, բայց նիստ կարող է լինել, որտեղ պատգամավորին թույլ չտան պետական շենք մտնել»:

Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին հայտարարում էր, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը. «Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար»:

Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ հիմա Թուրքիան այլևս չունի՞ այն ծրագրերը, որոնց մասին Փաշինյանն էր խոսում, գործող իշխանությունները կարողացե՞լ են ստիպել Թուրքիային հրաժարվել իր ծրագրերից, թե՞…

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարտվել է Թուրքիային և հիմա կատարում է այդ խնդիրները: Այն ժամանակ պարտված չէր, պատերազմի մեջ էր, ասում էր, հետո պարտվեց, ու այդ պարտության շարունակությունը գնում է: Թուրքիան չի՞ ասում՝ ուրախ եմ Ադրբեջանի հետ մեր հաղթանակի համար, Ադրբեջանն էլ ասում է՝ Զանգեզուրի միջանցքն այլևս իրականություն է: Երբ ասում ենք՝ Թուրքիան վերադարձել է, Թուրքիան և Ադրբեջանը ո՞նց են իրենց կոչում՝ մեկ ազգ, երկու պետություն, այդ մարդիկ ասում են՝ մենք թուրք ենք, իրենք են ասում… պարզապես պարտված իշխանություններ են, հիմա դա են ասում»,- ի պատասխան՝ ասաց նա:

Խոսելով փողոցային պայքարի հնարավոր ելքերի մասին, Թևան Պողոսյանն ասաց. «Լավագույն լուծումն այն կլինի, որ Փաշինյանը հանուն Հայաստանի՝ գիտակցված հեռանա, բայց, ցավոք, ոնց որ թե չկա այդ սերը դեպի Հայաստան, հայրենիք, հայ ազգը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս