Մոսկովյան հանդիպումը մոտ օրերս է, երրորդ հանդիպումը, ըստ նախնական տեղեկությունների, կլինի Բրյուսելում. Արման Սարգսյանը՝ սահմանագծման հանձնաժողովի մասին
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հանձնաժողովի աշխատանքներին՝ տեղեկացնելով առաջիկա հանդիպումների մասին.
«Այս պահին հստակ կարող ենք ասել, որ առաջին հանդիպումն արդեն տեղի է ունեցել, իսկ մոսկովյան հանդիպումը մոտ օրերս է, երրորդ հանդիպումը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի կունենա Բրյուսելում։ Ես հստակ օր չեմ կարող ասել, բայց վստահաբար Մոսկվայում հանդիպում տեղի է ունենալու»,- նշեց Արման Սարգսյանը։
Հարցին՝ երբ սահմանին ունենք զոհ, հանձնաժողովի աշխատանքները շարունակելու իմաստ կա՞, Արման Սարգսյանը պատասխանեց, որ, բնականաբար, հանձնաժողովն իր աշխատանքները պետք է շարունակի, քանի որ բանակցություններն ամենալավ լուծումն է, այսինքն՝ ամենավատ բանակցությունը ցանկալի է, քան ռազմական գործողությունը։
«Մեկ հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է կազմակերպչական, հետագա անելիքները պլանավորելու հարցեր։ Ինչ քննարկում էլ լինի, որը հրապարակման ենթակա կլինի, դրա մասին անպայման կխոսվի, ինչպես արդեն եղավ»,- նշեց Արման Սարգսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին տեղի էր ունեցել սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախագահների՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
«Մայիսի 24-ին սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը եղել է կառուցողական։
Մենք առաջին հանդիպումն անցկացրեցինք սահմանին (հայ-ադրբեջանական սահմանին.- Զ․Խ.)։ Այս հանդիպմանը մենք քննարկել ենք բացառապես հետագա համատեղ աշխատանքի կազմակերպչական հարցեր, և այդ առումով հանդիպումը համարում եմ միանգամայն կառուցողական»,- ՏԱՍՍ–ի հետ զրույցում ասել էր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: