Արծվիկ Մինասյանի նկատմամբ կարմիրբերետավորների կողմից գործադրված բռնության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Երևանում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ՝ մայիսի 18-ին, Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։
Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ դեպքի պահին տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են շուրջ մեկ տասնյակ կարմիրբերետավորներ հարձակվում Արծվիկ Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով, ակնհայտ բիրտ ուժ կիրառելով՝ նստեցնում ոստիկանական մեքենան, ապա հավանաբար տեղեկանալով, որ ոստիկանական մեքենայում ԱԺ պատգամավոր է, մեկ այլ ոստիկան դուրս է բերում նրան այնտեղից։
Քիչ անց ոստիկանների մեկ այլ խումբ կրկին փորձել է նրան բռնության գործադրմամբ նստեցնել ոստիկանական մեկ այլ մեքենա, ու կրկին հետո ազատ են արձակում։
Դեպքի առնչությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ։
«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին, կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՀԿԿ-ից։
Այս պահին քրեական գործով դեռևս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, մինչդեռ դեպքի վերաբերյալ կան բազմաթիվ արձանագրումներ տեսանյութերի տեսքով, և բռնություն կատարած ոստիկաններին նույնականացնելը բարդ գործ չէ:
Հիշեցնենք նաև, որ կարմիբերետավորների անհամաչափ գործողությունների ընթացքում պատառոտվել էր Արծվիկ Մինասյանի հագուստը, կոտրվել ակնոցը, և առհասարակ պատգամավորի նկատմամբ դրսևորած վարքագիծը որևէ կերպ չէր տեղավորվում ոստիկանության ծառայողի վարքականոնի ու ծառայողական պարտականությունների շրջանակում: