
Արծվիկ Մինասյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում նշանակվել է Ծառայողական քննություն

Այսօր խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս ոստիկանությունն աննախադեպ բիրտ ուժ է կիրառել Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ:
Կարմիբերետավորների անհամաչափ գործողությունների ընթացքում պատառոտվել էր Արծվիկ Մինասյանի հագուստը, կոտրվել ակնոցը, և առհասարակ պատգամավորի նկատմամբ դրսևորած վարքագիծը որևէ կերպ չէր տեղավորվում ոստիկանության ծառայողի վարքականոնի ու ծառայողական պարտականությունների շրջանակում:
Ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ ոստիկանությունում նշված միջադեպով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն:
Հիշեցնենք, որ ժամը 12-ի դրությամբ «ՎԻՎ» օրենսգրքի 182 հոդ․ նախատեսված արարքի համար ոստիկանություն բերվել է ակցիայի 352 մասնակից: