
Թուրքիայի արտգործնախարարը մեկնաբանել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի զինված ուժերի միջև վերջին շրջանում տեղի ունեցող գործողություններից: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Որոշ երկրներ կարծում էին, որ զենքի մատակարարման միջոցով Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին և շրջել ռազմական գործողությունների ալիքը, սակայն դա տեղի չի ունենում: Սա տեղի չի ունենում. կողմերից ոչ մեկն էական հաջողությունների չի հասնում մարտի դաշտում»,-ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով, կողմերը սկսում են գիտակցել, որ ուժի կիրառմամբ արագ հաղթանակ չի լինի։
«Վերջին շրջանում երկխոսության նոր միտում է նկատվում։ Մենք նույնպես կողմ ենք երկխոսությանը։ Պատերազմի վնասները, հատկապես Ուկրաինայի համար, շատ մեծ են։ Թուրքիան ձգտում է վերականգնել դեմ առ դեմ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այդ թվում՝ պետությունների ղեկավարների մակարդակով», – ընդգծել է Չավուշօղլուն։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաեւ նշել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին օրվանից Անկարան փորձում է նվազեցնել լարվածությունը սեւծովյան տարածաշրջանում։
«Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների Ստամբուլյան հանդիպումից հետո երկխոսությունը դանդաղեց։ Բուչայում և Իրփինում տեղի են ունեցել հայտնի իրադարձություններ, որոնք մտահոգություն են առաջացրել նաև Թուրքիայում»,- նշել է նախարարը։