Իրենց Հայաստանը պետք է հենց այսպիսին․ Եվրոպայի առաջ՝ հնազանդ, ռուսի առաջ՝ հեզ, թուրքի ու ադրբեջանցու առաջ՝ խոնարհված, ամեն ինչ ստորագրելու պատրաստ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. Հիմա նորից վերադարձել ենք «հին, բարի ժամանակներին», երբ ոստիկանը բիրտ է ու դաժան։ Եվ հասարակությունն ու ոստիկանությունը տարբեր ճամբարներում են հայտնվել։ Ինչպես տարբեր ճամբարներում են հայտնվել իշխանություններն ու փողոց ելած մարդիկ։ Պարզ է, որ իշխանությունը զիջումների գնալու մտադրություն չունի եւ միակ ելքը տեսնում է ժողովրդական պայքարը ճնշելու մեջ։ Այլեւս 2018 թվականը չէ, որ Նիկոլ Փաշինյանն ասի՝ իրենց դուռն է (կառավարության դուռը նկատի ուներ)․ կուզեն՝ կկոտրեն, կուզեն՝ քացով կբացեն ու ներս կմտնեն։ Այլեւս ժողովրդավար երեւալու անհրաժեշտություն չկա, որովհետեւ արդեն իսկ հայտարարվել է, որ մենք մտել ենք «ժողովրդավարության բարձրագույն լիգա», եւ բոլոր նրանք, ովքեր կարող էին հերքել այս փաստն ու նրան վերադարձնել իրականություն, չեն պատրաստվում դա անել՝ իրենց Հայաստանը պետք է հենց այսպիսին․ Եվրոպայի առաջ՝ հնազանդ, ռուսի առաջ՝ հեզ, թուրքի ու ադրբեջանցու առաջ՝ խոնարհված, առանց բանակի ու սպառազինությունների, ամեն ինչ ստորագրելու պատրաստ։