«Կասպերսկի» ընկերությունը կատարելագործել է Kaspersky Safe Kids լուծումը
«Կասպերսկի» ընկերությունը լրացրել է երեխաների առցանց անվտանգության Kaspersky Safe Kids լուծումը YouTube-ում դիտումների պատմությունը մշտադիտարկելու հնարավորությամբ և ընդլայնել ֆունկցիոնալությունը iOS-ում:
Ընկերությունը հայտնում է, որ այժմ, բացի «Անվտանգ որոնում YouTube-ում» գործառույթից, որը թույլ է տալիս ծնողներին տեսնել այս հայտնի տեսահոսթինգում որոնման հարցումների պատմությունը, մեծահասակները կկարողանան վերահսկել և այն, թե հենց որ հոլովակներն են դիտել իրենց երեխաները: Kaspersky Safe Kids-ի՝ iOS-ի համար տարբերակում ընդլայնվել են վեբ-վերահսկման և էկրանային ժամանակի վերահսկման գործառույթները։ Առաջինը թույլ է տալիս դիտել որոնման հարցումների պատմությունը, սահմանափակել կայքերի հասանելիությունն ըստ կատեգորիաների, ստեղծել թույլատրված/արգելված կայքերի ցանկեր և ընտրողաբար արգելափակել հասանելիությունը, այդ թվում՝ այն բաց թողնել միայն ծնողի կողմից թույլատրված կայքերի համար։ Զտումը հասանելի է ամենատարածված բրաուզերների մեծամասնության համար: Ինչ վերաբերում է էկրանային ժամանակի սահմանափակմանը, ապա նախկինում երեխան պարզապես ստանում էր ծանուցում, որ սարքի օգտագործման թույլատրված ժամանակն ավարտվել է: Այժմ, երբ դա տեղի է ունենում, սարքը կարող է արգելափակվել (այն դեպքում, երբ ծնողը ընտրել է նման տարբերակ), բայց այնպես, որ թողնի ծնողներին զանգահարելու հնարավորությունը:
«Երեխաների մեծ մասը չեն պատկերացնում իրենց կյանքն առանց սմարթֆոնների և թվային բովանդակության։ 2022-ի առաջին եռամսյակում ռուսաստանցի երեխաների շրջանում ամենատարածված հավելվածն, ըստ մեր տվյալների, նախկինի պես մնում էր YouTube-ը։ Դրան բաժին է հասել այն ժամանակի ամբողջ ծավալի գրեթե մեկ քառորդը, որը երեխաներն անցկացրել են տասը ամենապահանջված հավելվածներում տարվա առաջին երեք ամիսների ընթացքում, – մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության վերլուծության փորձագետ Աննա Լարկինան։ – Մեծահասակները ցանկանում են վստահ լինել, որ իրենց երեխային ոչինչ չի սպառնում ցանցում, ուստի մենք մշտապես բարելավում ենք մանկական առցանց անվտանգության մեր լուծումը: Դիտումների պատմության գործառույթի միջոցով կարելի է փորձել ավելի լավ հասկանալ երեխայի հետաքրքրությունները և օգտագործել այդ տեղեկատվությունն ի շահ, վստահելի հարաբերություններ կառուցելու համար։ Ընդ որում, կարևոր է հիշել անձնական սահմանների մասին, որոնց իրավունքն ունի նաև երեխան»։
Երեխաների ցանցում լինելն ավելի պաշտպանված դարձնելու համար ընկերությունը խորհուրդ է տալիս ծնողներին ավելի շատ խոսել երեխաների հետ իրենց թվային կյանքի՝ այն մասին, թե ինչով են նրանք զբաղվում համացանցում և այն անվտանգության միջոցների մասին, որոնք նրանք պետք է ձեռնարկեն; սովորել և սովորեցնել իրենց երեխաներին ուշադիր կարդալ գաղտնիության համաձայնությունները, հետևել գաղտնիության կարգավորումներին; անհրաժեշտության դեպքում տեղադրել ծնողական վերահսկողության ծրագիր, բայց նախքան այդ երեխայի հետ քննարկել, թե ինչ ծրագիր է դա և ինչու է ծնողը նման որոշում կայացրել:
Ընկերությունը մշակել է Kaspersky Safe Kids լուծումը, որպեսզի պաշտպանի երեխաներին առցանց՝ անկախ այն բանից, թե ինչով են նրանք զբաղվում ՝ խաղում են, սովորում կամ շփվում ընկերների հետ։ Դրա օգնությամբ ծնողները կարող են տեղյակ լինել, թե որքան երկար է երեխան գտնվում համացանցում, ինչպես նաև նրան զերծ պահել անցանկալի բովանդակությունից։ Բացի այդ, լուծումը թույլ է տալիս որոշել երեխայի ընթացիկ դիրքը տեղորոշման գործառույթի շնորհիվ, որը կարող է հարմար լինել, եթե նա միայնակ է շրջում քաղաքում: