Իռլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը
Իռլանդիայի արևելքում մայիսի 27-ի երեկոյան հաստատվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնել են Իռլանդիայի առողջապահական ծառայությունից: Նշվում է, որ վարակված անձը չի հոսպիտալացվել:
Իռլանդիայում ուսումնասիրվում է կապիկի ծաղիկով վարակման ևս մեկ դեպք, որը դեռևս հաստատված չէ:
Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ: