«Մահաբերների խունտան կրկնօրինակում է օսմանյան քաղաքական ձեռագիրը, փորձելով կոտրել հայ մարդու իր հայրենիքում հայ մնալու ձգտումը». Լևոն Նազարյան

Հանրապետական կուսակցության անդամ Լևոն Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր, կառավարության 3֊րդ մասնաշենքի դիմաց խաղաղ ցույցի ելած ցուցարարներիս, ենիչերաբար ճնշելու իջեցված հրամանը փաստում է մեկ բան՝ իրեն նեոսուլթան հռչակած Էրդողանի քաղաքական ազդեցությունը Հայաստանի հանրապետությունում և այն՝ հայերիս վրա անխախտ պահելու կապիտուլյանտ մանկլավիկների մտահոգությունը։

Արցախի հայկական լինելիության և ՀՀ֊ի սուվերեն ապագայի համար պայքարի ելածներին բռնի կերպով գետնին տապալումը, 1890թ.֊ին Պոլսի Գում֊Գափույի հայկական խաղաղ ցույցի թուրքաբարո ճնշման կրկնօրինակումն է։ Արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ 2֊րդի անմիջական հրահանգով բախում հրահրվեց թուրք ոստիկանների և խաղաղ հայ ցուցարարների միջև, եղան վիրավորներ ու զոհեր…

Հայ դատի արդարացի պահանջի համար ցույցի ելած հայորդիներին 130 տարի առաջ բռնությամբ տապալած սուլթանին երկրպագելով՝ մահաբերների խունտան այսօր կրկնօրինակում է նաև օսմանյան քաղաքական ձեռագիրը, փորձելով կոտրել հայ մարդու իր հայրենիքում հայ մնալու ձգտումը, ջանալով ձեռքերը լվանալ արցախահայության կենսական պահանջատիրությունից։

Ինչպես թուրքական կառավարությունը Գում-Գափուի ցույցը օգտագործեց արևմտահայերի հալածանքներն ուժեղացնելու և ցեղասպանության իր քաղաքականությունն արևմուտքում արդարացնելու համար, այնպես էլ կապիտուլյանտների այս խմբակը սույն ձեռագրով ջանալու է հիմքեր ստեղծել քաղաքական հետապնդումների սաստկացման և Արցախի ու հայրենիքի օտարման գործում դիտորդ մնալու և Արևմուտքին այն հրամցնելու համար։

Մանկավարժականի հեռակայի իրավագիտության բաժնի ոստիկան ուսանողներիս միշտ առաջին հանդիպմանը հարցնում էի օրենքի և իրավունքի գերակայության մասին։ Թյուրիմացաբար գտնում էին, որ օրենքի ծառաներն են, իրավունքը՝ փաստացի, ցուցարարներիս պես զգետնելով։ Մոտ է ժամանակը, որ Ֆեմիդան իր սուրը ճոճելու է իրավապահ համակարգում, մեր խղճահարության ու բարեսրտության արդյունքում հայտնվածների ու այդպես էլ պետության փիլիսոփայությունը չհասկացածների գլխին։

7 տարեկան երեխայի ձեռքը կոտրող, հայ կնոջը ստորաբար հարվածող, ցուցարարին մարտական սամբոյի հնարքով գետին տապալողները առնչություն չունեն ՀՀ սահմանադրության հետ։ Բնական է չեն կարդացել սահմանադրական այն պնդումը, որ ՀՀ֊ում բարձրագույն արժեքը քաղաքացին է, ժամանակին չեն էլ անսացել ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի կոչին, ըստ որի՝ պետք է “դուք”֊ով խոսել Հայաստանի քաղաքացու հետ։

Բացի թուրք քիրվաների առաջ պատվի առնող սույն տեսակից, այս երկիրն ու պետությունն ունեն նաև հիմնադիր հայրեր, ունեն արյուն ու քրտինք չխնայած առաջնորդներ, ունեն պատվախնդիր ու անվախ երիտասարդներ, ունեն բանիմաց ու կայուն նվիրյալներ, որոնց բռունցքվող միասնությունը շուտով թուրքահպատակ խունտային ուղարկելու իր հոգևոր և քաղաքական հայրերի ծոցը՝ Արաքսի ափից այն կողմ»։

Տեսանյութեր

Լրահոս