«Փողոցային պայքարը բարձրացրեց Հայաստանի կշիռը, Ադրբեջանը հասկացավ, որ…». Արթուր Ղազարյան
Ոստիկանությունն այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ, բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեց Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից: Սոցցանցերը ողողված են ագրեսիվ ոստիկանների մասնակցությամբ տեսանյութերով և լուսանկարներով:
Քաղաքագետ Արթուր Ղազարյանի կարծիքով՝ ոստիկանությունը, տեսնելով, որ շարժումը չի մարում, ավելի նյարդային է դառնում, և արդեն բիրտ ուժ են կիրառում: «Այս շարժումը նյարդայնացնում է նրանց, և բնական է, որ նման ոչ ադեկվատ պատասխան պետք է լինի ուժայինների կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նրա խոսքով՝ մեկ ամսից ավելի ժամանակ կար, որ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ անհատները, թե՛ մտավորականությունը, թե՛ տարբեր կազմակերպություններ կողմնորոշվեն. «Հիմա ջրբաժանը հստակ է, գործում է կա՛մ-կա՛մ-ը, եթե նախկինում կարելի էր և՛-և՛ ասել, համադրել իշխանությունների և ընդդիմության քայլերը, հիմա ջրբաժանը հստակ է: Չեմ կարծում, թե մինչև ամսի 3-ը ջրբաժանի մյուս կողմում մնացած մարդիկ շուռ գան մյուս կողմ»:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր շարժումը մինչև հունիսի 3-ը ժամանակ է տվել, որ բոլոր ուժերը, կազմակերպությունները դիրքորոշում հայտնեն՝ դե՞մ են, թե՞ կողմ ժողովրդի պահանջին:
Հարցին՝ սա սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանմանը նման չէ՞, նա պատասխանեց. «Իշխանությունը հավատացած է իր քաղաքական կուրսին, ընդդիմությունը՝ իր, իշխանությունը կարծում է՝ ճիշտ քաղաքական ուղու վրա է, ընդդիմությունը հստակ ներկայացնում է, որ իշխանությունը շեղվել է ազգային քաղաքական գծից: Այստեղ սոցիալ-տնտեսական, մշակութային հարցեր չեն, կրթական բարեփոխումների հարցեր չեն, այլ՝ ազգային անվտանգության, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հարցերն են: Սա է ջրբաժանը: Մենք գիտենք, որ քաղաքական պայքարում ամենասուր դրսևորումները ստանում են հենց ազգային հարցի վրա»:
Անդրադառնալով փողոցային շարժման գրանցած արդյունքներին, նա հետևյալն ասաց. «Եթե չլիներ փողոցային պայքարը, խաղաղության պայմանագիրը վաղուց արդեն կնքվել էր: Փողոցային պայքարը միասնական առումով բարձրացրեց Հայաստանի դիրքերը, այսինքն՝ եթե թշնամին մտածում էր, որ պատերազմում հաղթանակ է տարել, և այլևս այստեղ որևէ մեկը գլուխ չի բարձրացնի, այսինքն՝ հասարակությունը վախեցած կլինի և այլևս չի հանդգնի մտածել Արցախի մասին, Արցախի հարցի շուրջ մոբիլիզացվել, զենք վերցնել և թշնամուն իր տեղը դնել, այս շարժման արդյունքում Ադրբեջանը հասկացավ, որ հայությունը չի համակերպվում զիջողական քաղաքականության հետ, չի համակերպվում Արցախի տարածքների կորստի հետ: Այս առումով Հայաստանի կշիռը բարձրացավ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում