Հագուստը պատառոտելով բերման ենթարկեցին Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանին

Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախման ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին «yerkir.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանին: Բերման ընթացքում նրա հագուստն ամբողջությամբ պատռվել էր, չնայած նրա բազմաթիվ հորդոր-պարզաբանումներին, որ լրագրող է, խմբագիր, կատարում է իր մասնագիտական առաքելությունը՝ ոստիկանները չլսեցին և պարտադրեցին նստել ոստիկանական ավտոմեքենա։

Վահե Սարգսյանը մի քանի անգամ ցույց տվեց լրագրողական բեյջը, սակայն ոստիկանները կրկին ուշադրություն չդարձրեցին, կարմիր բերետավորներից մեկը նրան հրեց մեքենայի մեջ և դուռը ետևից փակեց։

Այնուհետև ոստիկանական ավտոմեքենային մոտեցավ նույն կայքի լրագրողը և հաստատեց, որ մեքենայի ներսում գտնվողն իր խմբագիրն է, ինչից հետո միայն Վահե Սարգսյանին ոստիկանական մեքենայից իջեցրեցին։

«Թացը չորից չեք տարբերում, եղբայր»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց Վահե Սարգսյանը և պատմեց, որ կանգնած է եղել Իշխան Սաղաթելյանի և Արամ Վարդևանյանի մեջտեղում ու հորդորել է ագրեսիվ չտրամադրվել։

«Իրենք թացը չորից չտարբերելով՝ ուղղակի վայրենաբարո ձևերով հարձակվեցին և ասում են, թե ինադու խփում եք, ինչ եք անում, ով է խփում՝ ես՞։ Գցել են գետնին, 3-4 րոպե բոլոր տեղերիս հարվածել են»,- նշեց Վահե Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս