
Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են վերանայել ՌԴ-ի և ՉԺՀ-ի նկատմամբ դիրքորոշումը

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները հունիսի վերջին Մադրիդում կայանալիք հանդիպմանը կվերանայեն դաշինքի դիրքորոշումը Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մայիսի 30-ին իսպանական ABC թերթում հրապարակված հարցազրույցում։
«Մադրիդի գագաթնաժողովն արտակարգ կարեւոր նշանակություն կունենա,- ասել է նա:- Նոր ռազմավակական հայեցակարգը, որը մենք կընդունենք, կարտացոլի անվտանգության նոր իրականությունը»: «Օրինակ, ներկայիս ռազմավարական հայեցակարգը Ռուսաստանի նկատմամբ վերաբերվում է որպես գործընկերոջ եւ չի հիշատակում Չինաստանը,- նշել է Ստոլտենբերգը:- Այժմ, անտարակույս, մենք կքննարկենք ՌԴ-ի ագրեսիվ գործողությունները, ինչպես նաեւ Չինաստանի վերելքի ազդեցությունը մեր անվտանգության վրա: Մադիդի գագաթնաժողովը կդառնա մեր ամենակարեւոր գագաթնաժողովներից մեկը»:
Բացի դրանից, գլխավոր քարտուղարի խոսքով՝ Իսպանիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը կարծարծվեն հարցեր՝ կապված «հարավից ծագող սպառնալիքների» հետ, ինչպիսիք են անկայունությունն ու ահաբեկչությունը: «Աֆրիկայում կայունությունը պետք է նշանակություն ունենա ամբողջ դաշինքի համար,- ճշտել է նա:- Մենք որոշումներ կընդունենք դեպի առաջ քայլ անելու համար, այդ թվում ծովում ազդեցության ոլորտի տեսակետից»: Ինչպես կարծում է Ստոլտենբերգը, հնարավոր չէ ստույգ ասել, թե որքան կտեւի Ուկրաինայի շուրջ հակամարտությունը: «Մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմին»,- պնդել է նա:
«Իսպանիան մասնակցում է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների համատեղ ջանքերին,- ընդգծել է գլխավոր քարտուղարը:- Գոյություն ունեն ուկրաինական ուժերի աջակցման բազմաթիվ տեսակներ: Մենք պետք է շատ զգույշ լինենք՝ խոսելով սպառազինությունների կոնկրետ համակարգերի մասին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: