
ԵՄ-ի մշտական ներկայացուցիչները գագաթնաժողովից առաջ փորձում են համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները մայիսի 30-ին ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ քննարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայնեցումը: Այդ մասին ասվում է ԵՄ-ի խորհրդում ներկայում նախագահող Ֆրանսիայի պատվիրակության հաղորդագրության մեջ:
«Մշտական ներկայացուցիչները երկուշաբթի օրը կհավաքվեն, որպեսզի ուսումնասիրեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի պատրաստումը»,-ասվում է պատվիրակության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, թե հուսով է, որ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կհամաձայնեցվի մինչեւ մայիսի վերջը: ԵՄ-ի գագաթնաժողովը կանցկացվի Բրյուսելում, մայիսի 30-31-ին, այն հիմնականում նվիրված է լինելու Ուկրաինային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: