«ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, կբարձրանան, կհանդիպեն նախարարներին». Իշխան Սաղաթելյան

Առավոտյան Ֆրանսիայի հրապարակից ընդդիմադիրները տարբեր ուղղություններով մեկնարկել են բողոքի ակցիաները։ Նրանց մի մասը Ֆրանսիայի հրապարակից քայլերթով գնաց դեպի Կառավարության 3 մասնաշենք՝ իրենց պահանջը ներկայացնելու։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը նախապես Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր, որ այն հայտարարության տեքստը, որն ընդունել են Ֆրանսիայի հրապարակում՝ առաջիկա 4 օրերի ընթացքում պետք է այդ փաստաթղթի վերաբերյալ բոլոր գերատեսչություններն արտահայտեն իրենց դիրքորոշումը։

«Մենք գնում ենք Կառավարության 3-րդ մասնաշենք, հասկանալու այդ շենքում նստած նախարարների և քաղաքական պաշտոն զբաղեցրած անձանց դիրքորոշումը»,- Կառավարության 3-րդ մասնաշենք հասնելուց առաջ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Հասնելով շենքի մոտ, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կբարձրանան նախարարությունների շենք, կհանդիպեն նախարարներին՝ պարզելու, թե նրանք կո՞ղմ են, թե՞ դեմ այն փաստաթղթին, որը հրապարակվել է Ֆրանսիայի հրապարակում։

Այնուհետև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կետ առ կետ ներկայացրեց իրենց պահանջները:

«Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդին՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը։

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Հայաստանի և Արցախի միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ։

Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է  որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս