Քաղաքական դաշտը պետք է պարզաջրվի. Տիգրան Աբրահամյան

«Իրավիճակն այնպիսին է, որ քաղաքական դաշտում չեզոք կողմերի որևէ ձևի առկայությունն արդեն տրամաբանական չէ, որովհետև իշխանության քաղաքականությունը՝ Արցախի, ՀՀ պետականության հարցում, բավականին կոնկրետ է եղել: Հնչել են հայտարարություններ, որի հետ կապված քաղաքական ուժերը, հասարակական ակտիվ խմբերը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն՝ կամ դեմ են այդ քաղաքականությանը, կամ կողմ են»,- ընդդիմության քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորի խոսքով՝ պետք է լինի հստակություն, քաղաքական դաշտը պետք է պարզաջրվի, հասարակության համար ընկալելի լինի, թե իրականում ով ինչի հետևից է գնում:

Խոսելով շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած բողոքի ակցիաների ողջ ընթացքում ընդդիմության դեմ կիրառվող տարաբնույթ սադրանքների մասին՝ պատգամավորն ասել է, թե ժամանակը ցույց տվեց՝ դրանք բացառապես հրահրվում են իշխանության ներդրած տարբեր դեմքերի, իրավապահների կողմից:

Ինչ վերաբերում է շրջանառվող խոսակցություններին, թե Լաչինի միջանցքի առնչությամբ կարող են պայմանավորվածություններ ձեռք բերվել՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանել է. «Գլխավոր խնդիրն այն է, որ առ այս պահը հայտնի չէ, թե ինչ հիմքով է իրականացվում այդ աշխատանքը, ինչ փաստաթղթեր են դրված դրա հիմքում, ինչ քարտեզներով են առաջնորդվելու»:

Տեսանյութեր

Լրահոս