Ամերիկացիների գրեթե կեսը կողմ է զենքի մասին օրենսդրության խստացմանը
Ամերիկացիների կեսից ավելին՝ 54 տոկոսը, հավանություն է տալիս զենքի մասին օրենսդրության խստացմանը: Այդ մասին վկայում է հարցումը, որն անցկացվել է CBS News-ի եւ YouGov-ի կողմից:
Այդ հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների 30 տոկոսը գոյություն ունեցող օրենքները փոխելու անհրաժեշտություն չի տեսնում, իսկ եւս 16 տոկոսը կոչ է անում դրանք վերջնականապես մեղմացնել:
Այս պրոբլեմատիկայի շուրջ դիրքորոշումները տարբերվում են տարատեսակ քաղաքական հայացքներ ունեցող անձանց մոտ. այսպես, հարցմանը մասնակցած դեմոկրատների 79 տոկոսը հանդես է գալիս զենքի վաճառքի մասին օրենքների խստացման օգտին, նրանց դիրքորոշումը կիսում է հանրապետականների միայն 27 տոկոսը եւ անկուսակցական քաղաքացիների 50 տոկոսը:
Օրենքների մեղմացման օգտին հանդես է գալիս հետազոտությանը մասնակցած դեմոկրատների 9 տոկոսը, հանրապետականների 24 տոկոսը եւ անկուսակցական քաղաքացիների 17 տոկոսը:
Անփոփոխ տեսքով օրենսդրության պահպանումը պաշտպանում է հարցված հանրապետականների 49 տոկոսը, անկուսակցական քաղաքացիների 33 տոկոսը եւ դեմոկրատների 12 տոկոսը:
Հարցումը համատեղ անցկացրել են CBS News-ը եւ YouGov-ը՝ մայիսի 18-ից մինչեւ 20-ը. դրան մասնակցել են ԱՄՆ-ի 2041 չափահաս քաղաքացիներ: Հարցման անճշտությունը կազմում է 2,5 տոկոսային կետ:
Հարցումն անցկացրել են այն բանից մի քանի օր առաջ, երբ Տեխասի նահանգի հարավի դպրոցներից մեկում հրաձգության հետեւանքով զոհվեց 19 երեխա եւ երկու չափահաս: Ինչպես հաղորդվել է, հրաձգությունը դպրոցում իրականացրել է 18-ամյա Սալվադոր Ռամոսը, որին սպանել են միջադեպի վայր ժամանած ոստիկանները:
Ողբերգությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է միջոցներ ձեռնարկի հասարակական վայրերում, հատկապես երկրի ուսումնական հաստատություններում, հրաձգության հետ կապված նոր միջադեպերը կանխելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: