Վրաստանում գործազրկությունն աճել է 2022 թվականի առաջին եռամսյակում
Վրաստանում գործազրկության մակարդակը 2022 թվականի առաջին եռամսյակում կազմել է 19,4 տոկոս, ինչը 0,4 տոկոսային կետով ավելի է 2021 թվականի չորրորդ եռամսյակի ցուցանիշից: Այդ մասին ասվում է երկրի «Սաքստատ» Վիճակագրության ազգային ծառայության հաղորդագրության մեջ:
2021 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը կազմել է 19 տոկոս, երրորդ եռամսյակում՝ 19,5 տոկոս, երկրորդ եռամսյակում՝ 22,1 տոկոս: 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը 2,5 տոկոսային կետով նվազել է 2021 թվականի այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, երբ այն կազմումէր 21,9 տոկոս:
Վրաստանում գործազրկության մակարդակը հաշվարկվում է տնտեսապես ակտիվ բնակչությունից աշխատանքի տեղավորվածների եւ գործազուրկների թվաքանակի հարաբերակցության հիման վրա: «Սաքստատ»-ի տվյալներով՝ գործազրկության մակարդակը գյուղական բնակավայրերում շատ անգամ ավելի պակաս է քաղաքային բնակավայրերի համեմատությամբ: 2022 թվականի առաջին եռամսյակում 2021 թվականի այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ գործազրկությունը քաղաքային բնակավայրերում նվազել է 3,1 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 1,5 տոկոսային կետով եւ համապատասխանաբար կազմել է 20,5 տոկոս եւ 17,8 տոկոս:
Գործազրկության մակարդակն ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց շրջանում: 2022 թվականի առաջին եռամսյակում 2021 թվականի այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ այդ ցուցանիշը տղամարդկանց շրջանում նվազել է 2,7 տոկոսային կետով՝ հասնելով 21,4 տոկոսի, իսկ կանանց շրջանում՝ 2,2 տոկոսային կետով՝ հասնելով 16,8 տոկոսի, հաղորդել է Sputnik-ը: