
Ալիևը կրկին սպառնացել է ուժ կիրառել. Բեգլարյանը կոչ է անում միջազգային հանրությանը կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը: Բեգլարյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է, որ Հայաստանի Հանրապետության հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն ու արդյունքները չպետք է ազդեն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ներկա ու ապագա կարգավիճակի վրա:
«Վերջիվերջո, ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության հետ է, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, ինչը ընդունում է ողջ աշխարհը՝ անկախ շահերի ու ձևակերպումների որոշակի տարբերություններից: Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է փակել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միևնույն ժամանակ վերադարձնելով մեր բռնազավթված տարածքները և ճանաչելով մեր անկախությունը»,- գրել է Բեգլարյանը:
Արցախի պետնախարարի խոսքով՝ հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լրիվ իրացումն ու ճանաչումն է:
«Սա միջազգային հանրության փորձությունն է ապացուցելու, որ, ի հեճուկս Ալիևի պնդումների, այնուամենայնիվ, միջազգային իրավունք կա, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը իր հիմնարար տեղն ունի:
Միջազգային իրավունքի մեկ այլ կարևոր սկզբունք է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, որը նույնպես կոպտորեն ոտնահարվել ու ոտնահարվում է Ադրբեջանի կողմից:
Ավելին, Ալիևը այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը՝ կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ ձեռք առնելու: Շեղված վարքի խրախուսումն ու անտեսումը աստիճանաբար հանգեցնում է միջազգային աղետների՝ դառնալով միջազգային պրակտիկա ու սովորութային իրավունքի մի մաս»,- գրել է Բեգլարյանը: