ԲԱՑԱՌԻԿ․ ԵԽ նախագահի խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց մեկնաբանություններին

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակ Բերենդ Լեյցն արձագանքել է օրերս ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններին։ Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներին և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությանը, փաստացի մեղադրել էր ԵԽ նախագահին ոչ ճշգրիտ և հայկական կողմի դիրքորոշումներին չհամապատասխանող հայտարարություն անելու մեջ։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր․

«Ադրբեջանը ԼՂ հիմնախնդիրը համարում է լուծված, Հայաստանը համարում է, որ այն լուծված չէ: Խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր հինգ սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումները և օրակարգը ու ասել, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ:

Ուզում եմ հիշեցնել, որ մեր առաջադրած սկզբունքներում առաջադրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Քանի որ քննարկումների արդյունքում կողմերի միջև ձևակերպումների շուրջ համաձայնություն չի ձևակերպվել, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից քոմենթներ անել, որը, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից: Ինչքանով է ստացվել, ինչքանով է ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է»։

168am-ը դիմել էր ԵԽ խորհրդի նախագահ Միշելի խոսնակ Բերենդ Լեյցին՝ խնդրելով անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին, ուղղելով հետևյալ հարցերը՝

«1․ Եռակողմ բանակցություններից հետո տարածած հայտարարությունում նախագահ Միշելը նշել է առնվազն երեք կետ, որոնց շուրջ Փաշինյանն ու Ալիևը ձեռք են բերել համաձայնություններ։ Ի՞նչ համաձայնություններ նկատի ուներ ԵԽ նախագահ Միշելը, եթե Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հանդիպման ընթացքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև։

2․ ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը համաձայնեցված չէ՞ր արդյոք հայկական կողմի հետ»։

Միշելի խոսնակ Բերենդ Լեյցը 168am-ին պատասխանեց, որ եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարությունից և Սահմանային հանձնաժողովի վերաբերյալ ԵԽ նախագահի թվիթերյան գրառումից բացի, այլ մեկնաբանություններ չունի:

Հիշեցնենք, որ Շառլ Միշելն իր թվիթերյան միկրոբլոգի էջում նշել էր․

««Ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ առաջ մղելու սահմանի սահմանազատման և իրավիճակի կայունության լավագույնս ապահովման շուրջ քննարկումները»։

Տեսանյութեր

Լրահոս