Ճապոնիան հանել է կարանտինային պահանջները Ռուսաստանից զբոսաշրջիկների համար
Ռուսաստանն արդեն այն երկրների թվում է, որտեղից տուրիստական խմբերի ընդունումը Ճապոնիան այս տարվա հունիսի 10-ից կսկսի առանց կարանտինային պահանջների եւ պատվաստումների մասին տվյալների. ցուցակը հրապարակել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
Աշխարհի երկրները բաժանվել են երեք խմբի՝ պայմանավորված դրանցում COVID-19-ի հետ կապված համաճարակաբանական իրադրությամբ. կապույտ, որտեղ կորոնավիրուսի ռիսկերը նվազագույն են ճանաչվել, դեղին եւ կարմիր, որի մեջ տեղ են գտել առավել ծանր համաճարակաբանական իրադրությամբ երկրները: Զբոսաշրջիկների համար Ճապոնիա այցելելու հնարավորություն է բացվում համավարակի սկզբից ի վեր երկու տարի եւ երկու ամսվա ընթացքում առաջին անգամ: Կապույտ խմբի մեջ, որտեղից Ճապոնիան պատրաստ է տուրիստական խմբեր ընդունել առանց կարանտինի, պատվաստման եւ թեստերի հավաստագրերի, մտնում են ԱՄՆ-ը եւ Չինաստանը, եվրոպական երկրների մեծ մասը եւ Ռուսաստանը: Ընդամենը դրանում 98 երկիր է:
Այդ երկրներից զբոսաշրջիկները կազմում են Ճապոնիա զբոսաշրջիկների ամբողջ հոսքի 80 տոկոսը: Դեղին խմբից երկրների համար, որի մեջ մտնում է 99 երկիր, այդ թվում՝ Հնդկաստանը եւ Վիետնամը, իսկ նախկին ԽՍՀՄ-ից՝ Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը, կարանտինից զբոսաշրջիկներին ազատելու համար պարտադիր են պատվաստանյութերից որեւէ մեկով երեք պատվաստումները: Հակառակ դեպքում նրանք պետք է ժամանելուց հետո կորոնավիրուսի թեստ եւ երեք օրվա կարանտին անցնեն: Կարմիր խմբի մեջ ընդամենը չորս երկիր է՝ Պակիստանը, Սիեռա Լեոնեն, Ֆիջին եւ Ալբանիան:
Այս երկրներից զբոսաշրջիկները պետք է կարանտինի ենթարկվեն՝ անկախ պատվաստումից: Ճապոնիան հուլիսի 1-ից բարձրացնում է երկիր մուտքի սահմանաքանակը՝ օրական 10 հազարից հասցնելով 20 հազարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: