«Հայաստանի ֆոնդային բորսային 65%-ի վաճառքը Լեհաստանին առաջացնում է բազմաթիվ հարցեր». Վահե Դավթյան

Անվտանգության հարցերով փորձագետ, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի ֆոնդային բորսային 65%-ի վաճառքը Լեհաստանին առաջացնում է բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ քաղաքական բնույթի:

1. Ինչու՞ է որոշում կայացվում վաճառել ՀՖԲ-ն Վարշավայի ֆոնդային բորսային այն պարագայում, երբ, ինչպես գիտենք տարբեր աղբյուրներից, դրա ձեռքբերման մեջ որոշակի հետաքրքրություն ունեին նաև այլ սուբյեկտներ, որոնց նման ինստիտուցիոնալ ներկայությունը հայաստանյան ֆինանսական շուկայում կլիներ շատ ավելի նպատակահարմար անվտանգության տեսանկյունից:

2. Արդյո՞ք հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Վարշավայի ֆոնդային բորսայում ավանդաբար շատ մեծ է թուրքական ֆինանսական կապիտալի ազդեցությունը: Ու, առհասարակ, թուրք-լեհական հարաբերությունները զարգանում են շատ արագ տեմպերով:

Խոսքը և տարեցտարի աճող առևտրաշրջանառության, և ֆինանսական խորքային համագործակցության (համատեղ ներդրումային ֆոնդ, որը տարեկան 0,5-1 մլրդ դոլար ներդրում է իրականացնում Եվրոպայի էներգետիկ շուկաներում), և տրանսպորտային ռազմավարությունների սինխրոնիզացման (՛՛Միջին միջանցք՛՛, ՛՛Ինտերմարիում՛՛), և ռազմաքաղաքական համագործակցության (՛՛բայրաքթարների՛՛ մատակարարում) մասին է:

3. Արդյո՞ք ուսումնասիրվել է այն հանգամանքը, որ վերջին տարիներին տարբեր սկանդալների արդյունքում բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ լեհական, դուրս են եկել Վարշավայի բորսայից:

Հատկանշական է, որ 2018-ից ի վեր լեհ առանցքային երեք մագնատները՝ Զբիգնև Յակուբասը, Ռոման Կարկոսիկն ու Միխալ Սոլովովը դուրս են բերել սեփական ակտիվները (էներգետիկա, քիմ.ադրյունաբերություն, հեռահաղորդակցություն, երկաթուղի և այլն) Վարշավայի բորսայից»:

Տեսանյութեր

Լրահոս