
Աղձք բնակավայրում ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը։
Արգելոցի ստեղծումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով 4.9 կետի «Մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացումը» պարբերությունից:
Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը, մոտավոր հաշվարկներով, կառուցվել է 364 թվականին:
Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։