
Էդվարդ Նալբանդյանի «Լեռնային Ղարաբաղ. հակամարտության ռենտգեն» գիրքը ներկայացվել է Մոսկվայի ՄԳԻՄՕ-ում

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար (2008-2018թթ.) Էդվարդ Նալբանդյանի «Լեռնային Ղարաբաղ. հակամարտության ռենտգեն» հոդվածների, ելույթների ու հարցազրույցների ժողովածուն:
ՄԳԻՄՕ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, ընթերցողին առաջարկվում է 2008-2018 թվականներին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածների, ելույթների և հարցազրույցների ժողովածուն՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ծագմանը, զարգացմանն ու լուծման հեռանկարներին: Մանրամասն նկարագրված են 2008 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Հայաստանի հետևողական և նպատակադրված ջանքերը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հատկապես նշվում է կայացած, արդյունավետ փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ որպես միակ ձևաչափ, որը միջազգային հանրության կողմից օժտված է հակամարտության կարգավորմանը միջնորդելու մանդատով։
Գրքի հատուկ հավելվածում առաջին անգամ համախմբված տեսքով հրապարակվում են 2008-2018 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, արտգործնախարարների և միջնորդ դեսպանների՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները:
Առաջարկվող գիրքը, ըստ հաղորդագրության, անվիճելի հետաքրքրություն է ներկայացնում դիվանագետների, քաղաքագետների, միջազգային հարաբերությունների խնդիրներով զբաղվող մասնագետների, պատմաբանների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը