
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին. Արցախի խորհրդարանականները հանդիպել են Արամ Ա.-ին

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում մայիսի 26-ին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։
Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են ներկայացրել Արցախի ներկա վիճակը, ժողովրդի և իշխանությունների արդար ու անփոփոխ պահանջները։
Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։
Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։