«Հայաստանի մեր հայրենակիցները թող երբեք չմտածեն, որ Արցախը քնած է. Արցախն այսօր առավել քան արթուն է». Մետաքսե Հակոբյան
Մայիսի 28-ին Արցախի Հանրապետությունում ևս տեղի կունենա հանրահավաք և երթ։ Արցախցիները նախ կհավաքվեն Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ, որտեղից երթով կգնան Վերածննդի հրապարակ, որտեղ էլ տեղի կունենա մեծ հանրահավաք։
168.am–ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը խոսելով անցկացվող հանրահավաքից, նկատեց՝ շատ կարևոր էր, որ Արցախում տեղի ունենալիք մեծ հանրահավաքը խորհրդանշական օր լիներ, իսկ մայիսի 28-ը լավագույն խորհրդանշական օրն է՝ այն հայկական պետականության վերածնման օրն է։
«Մենք այսօր կանգնած ենք նույն վտանգի առաջ՝ կորցնելու հայրենիքը և առհասարակ զրկվելու պետականությունից։ Այս օրը մեզ ևս մեկ անգամ պետք է հիշեցնի, որ մենք կարող ենք, ամեն ինչ հնարավոր է, եթե ոտքի ենք կանգնում և առանց վախենալու դեմ ենք գնում այս կեղտոտ և սեփական շահն առաջ տանող աշխարհին։ Մենք 1988 թվականին աշխարհին ապացուցեցինք, որ կարող ենք, կարող ենք և հիմա, մեր ամբողջ խնդիրն այն է, որ այդ բանակցողը, որը պետք է ի շահ մեզ կարողանար մեր հայրենիքը փրկեր ու բարձունքների հասցներ՝ չկա»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս ամենը պատճառ է, որպեսզի ազգը ոտքի կանգնի։ Նաև հանրահավաքով ցանկանում են իրենց աջակցությունը ցույց տալ Երևանի փողոցներում պայքարի դուրս եկած մարդկանց։
«Հայաստանի մեր հայրենակիցները թող երբեք չմտածեն, որ Արցախը քնած է, Արցախն այսօր առավել քան արթուն է։ Պարզապես մենք մտածում էինք՝ ինչ պետք է անեինք, որպեսզի որևէ կերպ օգտակար լինեինք շարժմանը։ Բնականաբար, մենք բոլորով չէինք կարող գալ Երևան, իսկ սա լավագույն տարբերակն է մեր միասնականությունը ցույց տալու համար։ Սուրբ Հակոբ եկեղեցուց մինչև Վերածննդի հրապարակ քայլերթ է լինելու, որին կհաջորդի հանրահավաք։ Մեզ համար Արցախն ու Հայաստանը նույն հայրենիքն է, մենք մեզ Հայաստանից չենք անջատում, մենք տեր ենք կանգնում մեր հայրենիքին։ Սա պետք է տեսնի միջազգային հանրությունը և ընդունի՝ որպես ի գիտություն։ Նիկոլը թող տեսնի ու հասկանա, որ մենք են մեր երկրի ու ճակատագրի տերը»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ Արցախի գյուղերում, շրջկենտրոններում գրեթե ամեն օր նման ակցիաներ լինում են։