«Մարդն առնվազն պետք է միամիտ լինի, որպեսզի հավատա, թե որևէ բան չի ստորագրվի․ դրա վառ ապացույցը Փաշինյանի երեկվա հիստերիան էր». Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը մայիսի 24-ին նամակով դիմել էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ անհրաժեշտ համարելով մայիսի 25-ին հրատապ կարգով հրավիրել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը և անելիքները:
Նամակը ստորագրել էին «Ազատ հայրենիք», «Միասնական հայրենիք», «Արդարություն», Արցախի ժողովրդավարական, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները:
Մայիսի 25-ին Արայիկ Հարությունյանը հրավիրել է անվտանգության ընդլայնված խորհրդի նիստ։
Արցախի նախագահը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացրած անվտանգության խորհրդի նիստին, նշեց, որ որևէ կերպ չեն հավատացել այն նախագահի ներկայացրած պնդումներին, թե ժողովրդի մեջքի հետևում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։
«Մարդն առնվազն պետք է միամիտ լինի, որպեսզի հավատա, թե որևէ բան չի ստորագրվի, որովհետև դրա վառ ապացույցը Նիկոլ Փաշինյանի երեկվա հիստերիան էր ՀՀ ԱԺ ամբիոնից։ Նա իր ելույթում, ինչպես մեր պատմության չափորոշիչները գումարի դիմաց խեղաթյուրեց, հիմա էլ նույն բանն է անում՝ խեղաթյուրում է արցախյան շարժման գաղափարը։ Նա այդ ամենն անում էր այնպիսի ոգևորությամբ, որ տպավորություն է, թե նա իր ձեռքի տակ ունի ադրբեջանական վերլուծության փաստաթղթեր ու առաջնորդվում է դրանով։ Նաև տպավորությունն այնպիսին էր, որ երբ Բրյուսելում հանդիպել էր Ալիևին, վերջինս նրան հրահանգել էր, թե Հայաստան վերադառնալուց ինչպես խոսի։
Հիմա մեզ որևէ մեկը չի կարող հակառակում ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը և Հայաստանը ոչնչացնելու համար չի եկել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Նա չգիտի, թե որն է նպատակը, որ Արցախի նախագահը փորձում է ցույց տալ, թե տիրապետում է իրավիճակին կամ փորձում է փրկել Նիկոլ Փաշինյանին։
«Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են մեր կուսակցությունների ղեկավարները, այս պահին չեմ կարող ասել, թե ինչեր են խորությամբ քննարկվել, քանի որ մենք ասում ենք այնքանը, ինչքանն իրավունք ունենք ասելու։
Ես միայն մեկ բան կարող եմ ասել՝ մեր հարցերի պատասխանները որևէ մեկը չունի, որովհետև այդ հարցերի պատասխանները հենց մենք պիտի տանք։ Փաստ է, որ այսօր փորձում են ոչնչացնել մեր երկիրը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։