Անկարայում ավարտվել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով բանակցությունները
Անկարայում ավարտվել են թուրքական, շվեդական ու ֆիննական պատվիրակությունների՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցով բանակցությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տեղեկացված անանուն աղբյուրը
Հայտնի է, որ բանակցությունները, որոնք շարունակվել են հինգ ժամ, տեղի են ունեցել Թուրքիայի նախագահական պալատում: Թուրքական կողմից մասնակցել են նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը և փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:
«Բանակցությունները նախ տեղի են ունեցել ամեն պատվիրակության հետ առանձին, ապա կայացել է եռակողմ հանդիպումը»,- հայտնել է աղբյուրը:
Շվեդիան ու Ֆինլանդիան մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ դաշինքին անդամակցելու հարցով: Թուրքիան պաշտոնապես հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքին այս երկու երկրների անդամակցության դեմ: Մասնավորապես, Թուրքիայի ղեկավար Էրդողանը թուրքական կողմի դիրքորոշումը բացատրել է Շվեդիայի և սկանդինավյան այլ երկրների կողմից քուրդ զինյալներին, ում Թուրքիան համարում է ահաբեկիչ, աջակցելու հանգամանքով: «Սկանդինավյան երկրները նման են ահաբեկչական կազմակերպությունների հյուրատան», – ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության գործունեությունն այդ երկրներում։