Հենրի Քիսինջեր․ Ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծելու համար սկսեք վերջից
ՈՒկրաինայի շուրջ հանրային քննարկումն ամբողջությամբ հակադրության մասին է։ Բայց արդյո՞ք մենք գիտենք՝ ուր ենք գնում։ Իմ կյանքի ընթացքում ես տեսել եմ չորս պատերազմ, որոնք սկսվել են մեծ էնտուզիազմով և ունեցել են հանրային մեծ աջակցություն։ Սակայն, վերջում մենք չենք իմացել ինչպես ավարտել այդ պատերազմները, իսկ այդ չորս դեպքերից երեքում մենք պատերազմից դուրս ենք եկել միակողմանի։ Քաղաքականության հաջողությունը դատվում է նրա ավարտով, ոչ թե մեկնարկով։
Շատ հաճախ ուկարինական հարցը դիտարկվում է որպես հարաբերությունների պարզաբանում՝ ՈՒկրաինայի արևելքին կամ արևմուտքին միանալու համատեքստում։Բայց եթե Ուկրաինան ցանկանում է գոյատևել և զարգանալ, այն չպետք է լինի Արևելքի կամ Արևմուտքի ֆորպոստը մյուսի դեմ․ այն պետք կամուրջի դեր կատարի նարանց միջև:
Ռուսաստանը պետք է ընդունի, որ Ուկրաինային արբանյակային կարգավիճակ պարտադրելու և դրանով իսկ Ռուսաստանի սահմանները առաջ տանելու փորձը, Մոսկվային կդատապարտի կրկնել Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ փոխադարձ ճնշումների ցիկլերի պատմությունը:
Արևմուտքը պետք է հասկանա, որ Ռուսաստանի համար Ուկրաինան երբեք չի կարող պարզապես օտար երկիր լինել։ Ռուսական պատմությունը սկսվում է Կիևան Ռուսիայից: Այնտեղից է տարածվել ռուսական կրոնը։ Ուկրաինան Ռուսաստանի մաս է կազմել դարեր շարունակ, իսկ նրանց պատմությունները մինչ այդ էլ փոխկապակցված էին:
Ռուսաստանի ազատության համար մղված ամենակարևոր մարտերից մի քանիսը, սկսած 1709 թվականի Պոլտավայի ճակատամարտից, եղել են հենց ուկրաինական հողի վրա: Սևծովյան նավատորմը, որը Միջերկրական ծովում Ռուսաստանի հզորությունը հաստատելու գործիքն է, հիմնված է Ղրիմում գտնվող Սևաստոպլը երկարաժամկետ զբաղեցնելու վրա։ Նույնիսկ այնպիսի հայտնի այլախոհներ, ինչպիսիք են Ալեքսանդր Սոլժենիցինը և Իոսիֆ Բրոդսկին, պնդում էին, որ Ուկրաինան ռուսական պատմության և, հետևապես, Ռուսաստանի անբաժանելի մասն է։
Եվրամիությունը պետք է ընդունի, որ իր բյուրոկրատական քաշքշուքը և Եվրոպայի հետ Ուկրաինայի հարաբերությունների շուրջ բանակցություններում ռազմավարական տարրի ստորադասումը ներքին քաղաքականությանը՝ նպաստել են բանակցությունները ճգնաժամի վերածելուն։
Արտաքին քաղաքականությունը առաջնահերթությունները սահմանելու արվեստն է.
Որոշիչը ուկրաինացիների կարծիքն է։ Նրանք ապրում են բարդ պատմություն ունեցող և բազմալեզու երկրում։ Երկրի արևմտյան մասը Խորհրդային Միության մեջ մտավ 1939 թվականին, երբ Ստալինը և Հիտլերը բաժանեցին ավարը։ Ղրիմը, որի բնակչության 60% ռուսներ են, Ուկրաինայի մաս է դարձել միայն
1954թ., երբ ծնունդով ուկրաինացի Նիկիտա Խրուշչովը որպես կազակների հետ կնքված ռուսների պայմանագրի 300-ամյակի տոնակատարությունների մաս այն պարգևատրեց ՈՒկրաինային: Երկրի արևմտյան հատվածը հիմնականում կաթոլիկ է, արևելքը՝ հիմնականում Ռուս Ուղղափառ եկեղեցու հետևորդ: Արևմուտքը խոսում է ուկրաիներեն; արևելքը հիմնականում խոսում է ռուսերեն: Այս թևերից որևէ մեկի կողմից մյուսի նկատմամբ գերիշխելու ցանկացած փորձ, ինչպես ցույց է տալիս օրինաչափությունը, ի վերջո կհանգեցնի քաղաքացիական պատերազմի կամ փլուզման: Ուկրաինային որպես Արևելք-Արևմուտք առճակատման մաս դիտարկելը տասնամյակներ շարունակ կզրկվի Ռուսաստանին և Արևմուտքին, հատկապես Ռուսաստանին և Եվրոպային, համագործակցային միջազգային համակարգի մեջ մտնելու ցանկացած հեռանկարից:
Ուկրաինան անկախ է ընդամենը 23 տարի. նախկինում այն՝ սկսած 14-րդ դարից եղել արտաքին տիրապետության տակ։ Զարմանալի չէ, որ նրա ղեկավարները չեն սովորել փոխզիջումների արվեստը, առավել եւս՝ պատմական հեռանկարը: Հետանկախացման շրջանում Ուկրաինայի քաղաքականությունը հստակ ցույց է տալիս, որ խնդրի արմատը ուկրաինացի քաղաքական գործիչների ջանքերի մեջ է, ովքեր ցանկանում են իրենց կամքը պարտադրել երկրի «անկարգ» հատվածներին: Հենց դա է Վիկտոր Յանուկովիչի և նրա գլխավոր քաղաքական մրցակից Յուլիա Տիմոշենկոյի հակամարտության էությունը։ Նրանք ներկայացնում են Ուկրաինայի երկու թեւերը և չեն ցանկանում կիսել իշխանությունը: Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի իմաստուն քաղաքականությունը կլինի երկրի երկու մասերի համար միմյանց հետ համագործակցության ճանապարհի փնտրտուքը։ Մենք պետք է ձգտենք հաշտության, ոչ թե որևէ հատվածի գերակայությանը։
Ռուսաստանն ու Արևմուտքը, և ամենաքիչը Ուկրաինայի տարբեր խմբավորումները չեն գործել այս սկզբունքով: Յուրաքանչյուրը ավելի է վատացրել իրավիճակը։ Ռուսաստանը չի կարողանա ռազմական լուծում պարտադրել առանց ինքնամեկուսացման և սա այն պայմաններում, երբ նրա սահմաններից շատերն արդեն հուսալի չեն: Արևմուտքի համար
Վլադիմիր Պուտինի դեմոնիզացումը քաղաքականություն չէ․ դա հենց քաղաքականության բացակայության վկայությունն է։
Պուտինը պետք է հասկանա, որ, որքան էլ մեծ լինի իր դժգոհությունը, ռազմական լուծման քաղաքականությունը կհանգեցնի ևս մեկ Սառը պատերազմի: Իր հերթին, Միացյալ Նահանգները պետք է խուսափի Ռուսաստանին Վաշինգտոնի կողմից հաստատված վարքագծի կաննորններից շեղվածի նման վերաբերվելուց, որին պետք է անընդհատ բացատրել այդ կանոնները։
Պուտինը ռուսական պատմությամբ առաջնորդվող լուրջ ստրատեգ է։ ԱՄՆ արժեքների և հոգեբանության ըմբռնումը նրա ուժեղ կողմերը չեն: Ռուսական պատմության և հոգեբանության ըմբռնումը նույնպես չի եղել ԱՄՆ քաղաքականություն մշակողների ուժեղ կողմը:
Բոլոր կողմերի ղեկավարները պետք է վերադառնան արդյունքների ամփոփմանը, այլ ոչ թե մրցակցեն դիրքորոշումների մեջ:
Ահա իմ պատկերացումն արդյունքի մասին, որը համատեղելի է բոլոր կողմերի արժեքների և անվտանգության շահերի հետ.
1. Ուկրաինան պետք է իրավունք ունենա ազատորեն ընտրելու իր տնտեսական և քաղաքական միավորումները, ներառյալ Եվրոպայի տարբերակը․
2. Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, դիրքորոշում, որը ես ընդունել եմ յոթ տարի առաջ, երբ հարցը շոշափվել է վերջին անգամ
3․ Ուկրաինան պետք է ազատ լինի ձևավորելու ցանկացած կառավարություն, որը համատեղելի է իր ժողովրդի արտահայտած կամքին։
Ուկրաինայի իմաստուն ղեկավարներն այնուհետև կընտրեն իրենց երկրի տարբեր մասերի միջև հաշտեցման քաղաքականությունը:
Միջազգային մակարդակում նրանք պետք է այնպիսի կեցվածք ունենան, որը համադրելի է Ֆինլանդիայի հետ: Այդ ազգը կասկած չի թողնում իր լիակատար անկախության վերաբերյալ և շատ ոլորտներում համագործակցում է Արևմուտքի հետ, բայց զգուշորեն խուսափում է Ռուսաստանի նկատմամբ ինստիտուցիոնալ թշնամանքի դրսևորումներից.
4. Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան անհամատեղելի է գոյություն ունեցող աշխարհակարգի կանոնների հետ։ Բայց պետք է ելքեր գտնել Ուկրաինայի հետ Ղրիմի հարաբերություններնը պակաս լարված հիմքերի վրա դնելու համար։ Այդ նպատակով Ռուսաստանը կճանաչի Ուկրաինայի ինքնիշխանությունը Ղրիմի նկատմամբ։ Ուկրաինան պետք է ամրապնդի Ղրիմի ինքնավարությունը միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվող ընտրություններում։ Գործընթացը կներառի Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած անորոշության վերացումը:
Սրանք սկզբունքներ են, ոչ թե դեղատոմսեր։ Տարածաշրջանին ծանոթ մարդիկ կիմանան, որ թվարկվածներից ոչ բոլոր կետերն են հաճելի կողմերի համար: Սակայն ցանկալի արդյունքը ոչ թե բացարձակ բավարարվածությունն է, այլ հավասարակշռված դժգոհությունը:Եթե այս, կամ նմանատիպ մոտեցումների վրա հիմնված լուծում ձեռք չբերվի, դեպի առճակատում շրջադարձը կարագանա: Եվ այդ պահը վրա կհասնի բավական շուտ։
Թարգմանությունը ՝ Քրիստինե Վարդանյանի