
Ադրբեջանում հայտարարել են ապրիլի 23-ին գերեվարված զինծառայողին հայկական կողմին վերադարձնելու մասին

Ադրբեջանում հայտարարել են, որ ապրիլի 23-ին անհայտ հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն հայկական կողմին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի գերիների և պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ապրիլի 24-ին հայտնել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրն անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն: